ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Եվրոպային հայկական միությունների ֆորումի արձագանքը՝ ՀՀ ՊՆ-Օրսիս ընկերություն սկանդալի շուրջ
22:05, 16.09.2019 | mamul.am
3115 | 0

Եվրոպային հայկական միությունների ֆորումն արձագանքել էՀՀ պաշտպանության նախարարություն-Օրսիս ընկերություն սկանդալին:

«Ինչպես հայտարարել ենք ավելի վաղ՝ Եվրոպային հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ և «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը Հայաստանում սկսել են ռազմաարդյունաբերության զարգացման գործընթաց։ Տվյալ շրջանակներում մենք շփվում ենք ռազմաարդյունաբերության և ՊՆ-ի ղեկավար մարմինների հետ, որի արդյունքում ականատես ենք եղել ՊՆ-ում խիստ զարգացած կոռուպցիոն ռիսկերին։ Լինելով տեղեկացված ռուսական ORSIS ընկերության հետ կապված վերջերս տեղի ունեցած սկանդալին՝ ցանկանում ենք մեր վրդովմունքը հայտնել դրա շուրջ։

Մամուլում շրջանառվող տեղեկատվությունից պարզ է դառնում, որ Հայաստանին մշտապես բարձր որակի և էժան փամփուշտներ մատակարարող ORSIS ընկերությունը դուրս է նետվում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զենքի մատակարման նպատակով հայտարարված մրցույթից բացարձակապես խարդավանքների միջոցով։ Հետևելով մամուլին՝ կարող եք գլխի ընկնել, որ ՊՆ-ի ղեկավարությունը փորձ կատարեց մեղադրանքներն ուղղել գլխավոր շտաբի ղեկավարության ուղղությամբ։ Սա շատ ցավալի փաստ է, քանզի վերջին տարվա ընթացքում Հայաստանում լուրջ հանցագործություններ կատարած պետպաշտոնյաները կարողանում են կեղծիքի և ստի տարածման միջոցով իրենց ապօրինությունները բարդել այլոց վրա։ Եթե հետևենք մամուլի տեղեկատվությանը, գլխավոր շտաբը ոչ միայն կապ չունի այս կեղծ գործարքի հետ, այլև ամենաառողջ օղակն է ՀՀ ՊՆ-ի շրջանակներում։ Իսկ որտեղ է թաքնված շան գլուխը՝ կարելի է հեշտությամբ գլխի ընկնել, եթե հետևենք՝ ով հաղթեց այդ անօրինական կերպով անցկացված մրցույթը։ Հաղթող ընկերության մասին վերջին տարվա ընթացքում մամուլում հսկայածավալ տեղեկատվություններ հայտնվեցին, և ամենը մնաց անհետևանք։ Նշենք միայն, որ այդ ընկերությունը հայտնի է Հայաստան անորակ ռազմատեխնիկա մատակարարելու հարցում։ Նույնիսկ ապրիլյան պատերազմի ընթացքում խոտան հանդիսացած արկերն ու փամփուշտները մատակարարվել էր վերոհիշյալ ընկերության կողմից։

Պետք է նկատել, որ Ռուսաստանում առանց այդ էլ վատ հեղինակություն վայելով ՀՀ իշխանությունները, ցավոք, ևս մեկ քայլ նահանջ ապրեցին այս սկանդալի հետևանքով։

ԵՀՄՖ նախագահությունը ևս մեկ անգամ հրավիրում է ՀՀ վարչապետի և իշխանությունների ուշադրությունը համանման կոռուպցիոն փաստերի վրա՝ հուսալով, որ ռեալ և գործնական քայլեր կձեռնարկվեն նման ցավալի իրողությունների կասեցման ուղղությամբ»,-նշել է ԵՀՄՖ նախագահ՝ դոկտոր Ա.Գրիգոյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր