Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասով գործընթաց է սկսել: Սրան հաջորդեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի ֆեյսբուքյան գրառումը, որը բուռն քննարկում ունեցավ համացանցում: «Միակ առաջնային մանդատով օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի»,-գրել էր նա: Այս առնչությամբ այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց. «Այստեղ որոշակի թյուրըմբռնում կա: Պարոն Ուլիխանյանը նկատի է ունեցել այն, որ ԱԺ-ն իր գործառույթները 100 տոկոսով իրականացնելու է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան...: Այդ «խաղ չկա» արտահայտույթունը ես ընկալում եմ որպես ԱԺ-ի բավականին մեծ լիազորությունների ամբողջական իրականացման մեջ: Ոչ մի ավել բան»: Սուրեն Գրիգորյանն էլ իր հերթին նշեց, որ, հավանաբար, Ուլիխանյանը, «միակ առաջնային մանդատով օժտված կառույց» ասելով, նկատի է ունեցել ամբողջ Ազգային ժողովը: |