ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Եթե փախնելու լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիները թեյ խմելուց կլինեին». Ռոբերտ Քոչարյան
15:43, 17.09.2019 | mamul.am
6253 | 1

Այսօր Շենգավիթի նստավայրում, խափանման միջոցի որոշումը հրապարակելուց հետո, դատավոր Աննա Դանիբեկյանը խոսքի իրավունք տվեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Վերջինն անդրադարձավ գրավով կալանքը փոխելու իր փաստաբանների միջնորդությանը և իր՝ քննությունից թաքնվելու դատարանի մտավախությանը: «Ես այդ տեսակի մարդ չեմ, որը կարող է ինչ-որ բանից փախնի: Եթե փախնելու լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիները թեյ խմելուց կլինեին: Իմ համար, իրոք, նույնիսկ վիրավորական է այդ մասին խոսելը»,- ասաց Քոչարյանը:

«Հարգելի՛ դատավոր, Դուք ունեք ամբողջ քրեական գործը: Այնտեղ կա իմ հետ կապված ընդամենը 2-3 դրվագ... Ասում են, թե կալանքը գրավով փոխարինելու դեպքում կարող եմ ազդել, խոչընդոտել քննությանը:

Փաստաբաններն ասացին, որ նման բան չկա: Չկա այն սուբյեկտը, որի վրա կարելի է ազդել ինչ-որ բան փոխելու համար: Ամբողջ այն հատորների մեջ չկա մի մարդ, որ ինձ տեսած լիներ, ինձ հետ շփված լիներ: Այնտեղ կա 3-4 մարդու ցուցմունք, որոնք այդ շաբաթվա ընթացքում իմ հետ շփում են ունեցել: Այդ 3-4 հոգուց մեկը Տիգրան Թորոսյան է՝ ԱԺ նախկին նախագահը, որի հետ ես համաձայնեցրել, քննարկել եմ արտակարգ դրության հրամանագիրը, Սերժ Սարգսյանը, որի հետ որպես վարչապետի հանդիպել եմ, համաձանեցրել այդ հրամանագիրը, Հայկ Հարությունյանը, նախկին ոստիկանապետը, որն իր ցումունքում ասել է, որ ինձ տեղյակ է պահել ինչ-որ գործողությունների մասով, Արմեն Գևորգյանը, որին հանձնարարվել է հրամանագիրը պատրաստել արտակարգ դրության մասին: Վերջ: Ամբողջ հատորների մեջ չկա մի մարդ, որն ինձ տեսած լիներ ուղղակի կամ անուղղակի: Եվ այդ բոլոր ցուցմուքների հետ ես համաձայն եմ եղել»,-շարունակեց ամբաստանյալը:

Դիմելով դատարանին նա ասաց. «Ձեզանից ընդամենը 40 րոպե էր պահանջվելու, միգուցե 50 րոպե, և Դուք կտեսնեիք, որ այդ ցուցմունքներում փոխելու բան չկա: Ասվել է այն, ինչ եղել է: Այդ նյութերին ծանոթանալով` Դուք կարող եք պատկերացնել, թե ինչի՞ վրա ես պիտի ազդեմ, ինչի՞ համար պիտի ազդեմ, որ ի՞նչ փոխվի: Չկա այդպիսի բան: Եթե կան նման ցուցմունքներ, կապված մարդկանց հետ, թող դատախազությունն ասի՝ ովքեր են»:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը, ըստ որի՝ նա կմնա կալանքի տակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր