ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին հրաժեշտ տված Օսիպյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. «Ես ողջ կյանքում ծառայել եմ պետությանն ու ժողովրդին, օրենքին ու արդարադատությանը՝ բացառապես ուղենիշ ու չափորոշիչ ունենալով սպայի պատիվն ու արժանապատվությունը: Այսուհետ էլ շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին սկզբունքի ու բարոյականության նույն չափանիշներով: Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում: Իսկ այսօր ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել հայ ժողովրդին ոստիկանի աշխատանքը գնահատելու և իրականացված փոփոխություններն արժեվորելու համար, շնորհակալություն համակարգի ողջ անձնակազմին՝ շարքայինից մինչև գեներալ, շնորհակալություն ոստիկանության զորքերին, շնորհակալություն ոստիկանության պետին կից հասարակական խորհրդին, ԶԼՄ-ներին՝ պետության համար բարդ և պատասխանատու փուլում մեր կողքին կանգնելու համար: Շնորհակալություն բոլոր նրանց, ում հետ երկար ու դժվար ճանապարհ եմ անցել մեր ազնիվ ծառայությունն իրականացնելու գործում: Մաղթում եմ բոլորին բարի ու անձնվեր ծառայություն, անսասան հավատարմություն սպայի պատվին ու արժանապատվությանը, որոշում կայացնելու վճռականություն և պատրաստակամություն: Շնորհակալ եմ բոլորին պրոֆեսիոնալ և անմնացորդ ծառայության համար: Պատիվ ունեմ»: |