ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Անտեղյակը՝ ճակատագրական որոշում կայացնող». Հակոբ Սանասարյան
19:20, 18.09.2019 | mamul.am
6601 | 1

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Վարչապետ Ն. Փաշինյանը, սեպտեմբերի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Ամուլսարի հարցում պետք է մինչև վերջ գնալ ճշմարտության ետևից և այդ ճանապարհը կտանի դեպի ճիշտ որոշում»:

Լիովին ընդունելի տեսակետ: Սակայն Ամուլսարի հարցում ավելի քան տասը տարի է ինչ, որոշում կայացնողները համառորեն ճշմարտության ետևից չեն գնացել: Նույնը անում եք նաև դուք, «իմքայլականներով» հանդերձ:

Ճիշտ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է Ամուլսարի խնդրին վերաբերող փաստաթղթերը քննելիս լինել ազնիվ, մերժել կոռուպցիան ու կողմնակալությունը:

Հարցն՝ անաչառ ուսումնասիրողը կտեսնի, որ «Լիդիանի» կազմած ՇՄԱԳ-ը հակասում է ՀՀ օրենքներին, թերի է, ունի կոծկումներ, իսկ Բնապահպանության նախարարությունը, առանց փորձաքննություն իրականացնելու և Հայաստանի Հանրապետությանը սպառնացող կորուստները թաքցնելով, այս ՇՄԱԳ-ին տվել է պետական փորձաքննական դրական եզրակացություն:

Հարգելի վարչապետ, այս ակնհայտ ճշմարտությունը դուք ոտնահարում եք, չեք ցանկանում նկատել:

Կոռուպցիայի դեմ պայքար հայտարարած այսօրվա իշխանություններին՝ մնում է անվավեր ճանաչել հակաիրավական այդ եզրակացությունը: Սակայն, այսօրվա մեր կառավարությունը անտեսելով իրական փաստերն ու ՀՀ շահը, Ամուլսարի խնդրին արդար լուծում տալու փոխարեն՝ անհասկանալի ու կեղծ տեղեկություններ տարածելով՝ փորձում է մոլորեցնել հասարակության զգալի զանգվածին: Այսինքն, այսօրվա կառավարությունը և իշխող կուսակցությունը ոչ միայն ճշմարտության ետևից չեն գնում, այլև ցուցադրաբար արհամարհում են ճշմարտություն

Վարչապետը նաև ասել է՝ «ես կարևորում եմ, որ հանրությունը մանիպուլյացիաների չտրվի»:

Հարգելի՛ վարչապետ, հանրությունը դրա կարիքը չունի, հանրությունը շատ լավ գիտակցում է խնդրի բուն էությունը և պայքարում է հանուն իր սահմանադրական իրավունքի: Իրականում մանիպուլյացիաների տրվել է կառավարությունը, Ձեր գլխավորությամբ, «իմքայլական» կուսակցությունով հանդերձ, որի առավել ակտիվ և Ամուլսարի խնդրից անտեղյակ որոշ գործիչներ նաև քարոզում են, որ Փաշինյանի որոշումը ժողովրդի որոշումն է, քանի որ ընտրությունում ժողովուրդը իր ձայնը տվել է նրա թիմին: Ինչից կարելի է հասկանալ, որ Փաշինյանը ցանկացած որոշում կատարելուց հետո կարող է ասել, թե ժողովուրդ այս որոշումը դուք եք կատարել:

Նման անհեթեթության առաջին անգամ եմ հանդիպում: Ահա թե ինչ եղանակով են ուզում լուծել մեր երկրի այսօրվա և ապագայի համար ճակատագրական խնդիրը: Ափսոս, նրանք չեն ուզում հասկանալ, որ իշխանավորը օրենքից վեր չէ և կառավարության որոշումները պետք է բխեն ՀՀ Սահմանադրությունից, այլ ոչ թե իշխանավորի ցանկությունից:

Նաև պետք է ասեմ, որ տիպիկ մանիպուլյացիայի օրինակ է այն, երբ կառավարությունը հայտարարեց, թե Ամուլսարի խնդրում միջազգային անկախ կազմակերպության կարծիքը լինելու է վճռորոշ՝ որոշում կայացնելու համար, սակայն երբ ՀՀ կառավարությունը միջազգային կազմակերպությունից՝ ԷԼԱՐԴ-ից ստացավ իր համար ոչ ձեռնտու կարծիքը, այն ուղղակի արհամարհվեց: Այսինքն, ինչպես մեր տեղական փորձագետների, այդպես էլ միջազգային կազմակերպության կարծիքները անտեսվեցին: Հիշենք ԷԼԱՐԴ-ի փորձագետի խոսքերը, թե «Լիդիանի կազմած ՇՄԱԳ-ը թերի է»:

Նույն ասուլիսում վարչապետը, դիմելով Ամուլսարի պահապաններին, պահանջում է՝ «ճանապարհները բացեք, որովհետև, եթե ճանապարհները փակելու անհրաժեշտություն լինի կառավարությունը կփակի դրանք»:

Իհարկե, օրենքի գերակայության երկրներում այդպես է: Սակայն Ամուլսարի հարցում ականատես ենք մի այլ իրավիճակի, երբ կառավարությունը չի ցանկանում տեսնել օրինախախտումը, կեղծիքը, կոռուպցիան և նույնիսկ ինքն է գնում կեղծիքի, ինչպես դա արվեց ԷԼԱՐԴ-ի եզրակացության դեպքում. Քննչական կոմիտեն այդ եզրակացության բովանդակությունը կեղծ՝ բացարձակորեն հակառակ իմաստով ներկայացրեց, իսկ երբ բացահայտվեց այդ սուտն ու հանցագործ մոտեցումը, կառավարության կողմից խնդրին պատշաճ լուծում չտրվեց, շրջանցվեց: Արդյո՞ք սա կոռուպցիոն դրսևորում չէ:

Հարգելի վարչապետ, Դուք ուղղակի սպառնում եք, թե «վարչական դատարանը որոշում ունի, որ ճանապարհը պետք է բացվի» (Հենց այսօր պարզվեց, որ նման որոշում չկա, Դուք ուղղակի մոլորեցնում եք հասարակությանը), նույն սպառնալիքն են հնչեցնում «իմքայլական» գործիչները, ասելով թե՝ «հուսանք հարցը ոստիկանության միջամտությանը չի հասնի», Ջերմուկում կուտակվում են ոստիկանական ստորաբաժանումներ, իսկ ՀՀ գլխավոր ոստիկանապետը արդեն կարգադրել է, որ եթե լինի ուժ գործադրելու կարգադրություն և որևէ ոստիկան չենթարկվի դրան, ապա խստագույնս կպատժվի նա ու նրա վերադաս պաշտոնյաները:

Թվում է, թե կառավարությունը անսասան է հանքավայրը շահագործելու խնդրում, երբ դրա համար իրավական հիմքեր չունի: Վստահորեն անսասան են տեղի և ՀՀ այլ վայրերի բնակիչները և խնդրին տեղյակ սփյուռքի հայերը: Նույնիսկ ասվում է, որ անհրաժեշտ պահին կանայք ու երեխաներն էլ կկանգնեն Ամուլսարի պահապաների կողքին:

Սա պատերազմի նախապատրաստություն է: Մի կողմում ոստիկանությունը, իսկ մյուսում՝ անզեն բնակչությունը, այն բնակչությունը, որ դեռևս մեծ հույսեր է կապում անցյալի ճահիճից իրեն հանողի հետ...

ՀՀ կառավարությունը պետք է լսի ժողովրդի ձայնը, չղեկավարվի խաբեությամբ, զերծ մնա տնտեսությունը թուլացնող-քայքայող ծրագրերից, ինչպես նաև իր ժողովրդի հանդեպ սադրանքներ հրահրելուց»,-ասված է հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր