ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Կառավարությունը քննարկել է Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր
19:10, 18.09.2019 | mamul.am
2331 | 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի վերաբերյալ:
Քննարկվել են մասնավորապես Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի շինարարության ընթացքին և գործունեությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել կենտրոնի գործունեության բովանդակային, վարչական, կազմակերպչական, ֆինանսական ասպեկտներին:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգությունը ներկայացնող ու տարածող մշակութային կենտրոն-թանգարանի ստեղծումը, և առաջարկել է նրա որդուն՝ Դավիթ Մաթևոսյանին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և համապատասխան մասնագետների հետ համատեղ քննարկել ու մինչ այս տարվա դեկտեմբեր ներկայացնել նախագիծ, որը կներառի համապարփակ լուծումներ կենտրոնի բովանդակային հագեցվածության, վարչական աշխատանքների կազմակերպման և ֆինանսական գնահատականի վերաբերյալ:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության՝ մշակութային հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված ռազմավարությանը և նկատել, որ մշակութային կազմակերպությունների գործունեության ծրագրում՝ որպես կարևոր բաղադրիչ, պետք է ներառված լինի նաև սեփական եկամուտների ավելացման և ներդրումների ներգրավման վերաբերյալ գնահատականը։ Վարչապետի խոսքերով՝ Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի օրինակով կարելի է սկսել այդ գործընթացը:

Ավելի վաղ հրապարակել էինք Հրանտ Մաթևոսյանի կնոջ բաց նամակը Նիկոլ Փաշինյանին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր