ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Աստիճանաբար կհասկանանք՝ ովքեր են լինելու հավաքականի հայտացուցակում»․ Զորիկ Իսաջանի
16:30, 23.09.2019 | mamul.am
2482 | 0

Բասկետբոլի Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Զորիկ Իսաջանին Լոս Անջելեսում մարզում է անցկացրել` փորձարկելով շուրջ 25 հայ բասկետբոլիստների: Մարզման վերաբերյալ Իսաջանին նշել է․ «Մարզումը կայացավ «Մասիս» մարզասրահում և մասնակցեցին 25 տղաներ, որոնց դիտարկում ենք որպես պատանեկան հավաքականի թեկնածուներ: Շատ մեծ ոգևորություն կար տղաների մոտ և բավական լավ մարզում անցկացրինք: Ներկա էին նաև բազմաթիվ ծնողներ: Վերջին տարիներին Հայաստանի պատանեկան հավաքականները կայուն կերպով մասնակցում են միջազգային մրցաշարերի, ինչի արդյունքում արդեն շատերն են ցանկանում իրենց դրսևորել ազգային թիմերում: Սա շատ կարևոր տարիք է, քանի որ այս երեխաներն են լինելու հայկական բասկետբոլի ապագան:

Կուզեմ նշել, որ պատանեկան հավաքականի դռները բաց են բոլորի առաջ: Նույն ուշադրությամբ հետևելու ենք նաև Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում հանդես եկող տղաներին, որ ընտրենք լավագույններին: Գալիք տարվա ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությունում պետք է հանդես գան լավագույն 12 խաղացողները, իսկ նրանք, ովքեր չեն հայտնվի վերջնական հայտացուցակում, ապա չպետք է ընկճվեն, քանի որ հետագայում դեռ շանս կունենան հայտնվել ազգային թիմում: Աշխատանքները շարունակվում են և աստիճանաբար կհասկանանք, թե ովքեր են լինելու հավաքականի հայտացուցակում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր