ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ով է 16-ամյա Գրետա Թունբերգն, ով անարգանքի սյունին է գամել աշխարհի ղեկավարներին
01:40, 25.09.2019 | mamul.am
8128 | 0

16-ամյա շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգն, ով օրերս ելույթ է ունեցել ՄԱԿ գլխավոր ասամբլեայի կլիմայի փոփոխություններին նվիրված խորհրդաժողովում և ամոթանք տվել երկրների ղեկավարներին՝ գլոբալ տաքացումը չկանխելու համար, դարձել է համացանցի ամենաքննարկվող հերոսներից մեկը: «Մարդիկ տառապում են, մարդիկ մահանում են, մենք էկոլոգիական աղետի շեմին ենք: Դուք, ձեր դատարկ խոսքերով, գողացել եք մեր երազանքներն ու մեր մանկությունը: Ինչպե՞ս եք համարձակվում: Նոր սերունդը ամենայն ուշադրությամբ հետևելու է իշխանությունների քայլերին և երբեք չի ների, եթե սխալվեք: Մենք զանգվածային ոչնչացման շեմին ենք, իսկ դուք միայն կարող եք խոսել փողերի և հավերժական տնտեսական աճի վերաբերյալ հեքիաթների մասին: Ինչպե՞ս եք համարձակվում»:

Գրետա Թունբերգի ելույթը ՄԱԿ-ում

Թունբերգը պայքարն սկսել է անցած տարվա օգոստոսից՝ միայնակ ցույցեր անցկացնելով Շվեդիայի խորհրդարանի առջև: Անցած մեկ տարում նրան միլիոնավոր երիտասարդներ ու ակտիվիստներ են միացել աշխարհի տարբեր անկյուններից:

Ի դեպ, Գրետայի մայրը օպերային հայտնի երգչուհի Մալենա Էրնմանն է, հայրը՝ դերասան Սվանտե Թունբերգը: Գրետայի քույրը՝ Բիատան, դպրոցական է։ Ընտանիքի բոլոր անդամները Գրետայի ազդեցության ներքո բուսակեր են դարձել։

Գրետայի կոչով մոլորակի տարբեր երկրներում դպրոցականները դասադուլներ են արել ու դուրս եկել փողոցներ՝ պահանջելով կանգնեցնել գլոբալ տաքացումն ու փրկել մոլորակը: Գրետան անգամ շարժում է հիմնել՝ «Ուրբաթներ հանուն մոլորակի», որի անդամները շաբաթը մեկ դասի չեն հաճախում, այլ գնում են ցույցերի:

ՄԱԿ ուշադրության կենտրոնում Գրետան հայտնվել է դեռ մեկ տարի առաջ: 2018-ի դեկտեմբերի 4-ին Գրետան հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշի հետ։

8 օր հետո, ելույթ ունենալով ՄԱԿ համաժողովին, նա հարուստ պետություններին կոչ էր արել ածխաթթու գազի արտանետումները կրճատել 15%-ով, որպեսզի մոլորակի գլոբալ տաքացման ջերմաստիճանը կազմի գոնե 2°C և ոչ ավելի։ Նրա հաշվարկներով՝ այդ պարագայում 6-12 տարվա ընթացքում ածխաթթու գազի արտանետումները կդառնան զրոյական։
Հավելենք, որ Գրետա Թունբերգը ժառանգականորեն Ասպերգերի համախտանիշի կրող է։ Այլ կերպ այն անվանում են աուտիզմի բարձր ֆունկցիոնալ ձև: Շվեդիայի և Նորվեգիայի կառավարությունները դեռահասին ներկայացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի: Եթե նա արժանանա մրցանակին, ապա կդառնա ամենաերիտասարդ նոբելյան մարցանակակիրը:

Գրետան նաև 15 այլ ակտիվիստների հետ միասին բողոք է ներկայացրել ՄԱԿ: Փաստաթղթում ակտիվիստները հայտարարում են, որ կլիմայի պահպանման ոլորտում իրենց անգործությամբ համաշխարհային առաջնորդները խախտում են երեխաների իրավունքները:

ՄԱԿ համաժողովում նրա վերջին կրակոտ և հուզիչ ելույթին անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թուիթերյան իր բլոգում վերջինը գրել է: «Շատ ուրախ աղջնակ է երևում, ով անհամբերությամբ սպասում է պայծառ ու գեղեցիկ ապագային: Ուստի հաճելի էր հանդիպել նրան»:

Ի պատասխան Թրամփի՝ նրա խոսքերն իր թուիթերյան էջի նախաբան է դարձրել Գրետա Թունբերգը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր