ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մենք այսօր ունենք դպրոցների տնօրեններ, որոնք իրենց բդեշխիկներ են զգում». Վահրամ Թոքմաջյան
15:05, 09.10.2019 | mamul.am
3884 | 1

«Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» թեմայով խորհրդաժողովի ժամանակ «Կրթությունը և հեղափոխությունը» ենթաթեմայով ելույթ ունեցավ պատմաբան Վահրամ Թոքմաջյանը: Նա մի քանի առաջարկ հնչեցրեց, որոնք կբարելավեն կրթական համակարգի որակը: Միևնույն ժամանակ նկատեց, որ այդ առաջարկները չեն բխում մեր՝ այս պահին ունեցած կարիքի գնահատումից, որովհետև առայսօր չունենք համապարփակ ուսումնասիրություն ոլորտի խնդիրների շուրջ:

Իսկ առաջարկները հետևյալն են՝ բարեփոխել հանրակրթական հաստատության ղեկավարման հավաստագիր ստանալու քննության անցկացման ու կազմակերպման կարգը, բովանդակության մեջ ներառել կիրառելի հմտություններ: Պետք է մրցութային կարգով առաջատար հանրակրթական դպրոցներին թույլ տալ մասնակցելու հավաստագիր ստանալու գործընթացին՝ ներկայացված մարդկանց նկատմամբ ամբողջ պատասխանատվությունը կրելով: Մինչդեռ այս ոլորտում ունենք մի քանի մոնոպոլ կազմակերպություններ, որոնք իրականացնում են գործընթացը:

Պատմաբանն առաջարկեց ստեղծել դպրոց-կենտրոններ, որոնք անմիջական մասնակցություն կունենան հանրակրթության կառավարմանը, բարեփոխել դպրոցների կառավարման խորհրդի ձևավորման կարգը, սահմանել այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ծնողներին ու մանկավարժներին արդյունավետ ազդեցություն ունենալ որոշումների կայացման գործում,այդ թվում՝ տնօրենի ընտրության վրա:

Վ.Թոքմաջյանի կարծիքով՝ պետք է ներդնել նաև տնօրենի հետկանչի մեխանիզմ, ինչը տնօրենների զսպման հնարավորություն կտա:

«Մենք այսօր ունենք դպրոցների տնօրեններ, որոնք իրենց բդեշխիկներ են զգում: Ըստ Վ.Թոքմաջյանի՝ պետք է ԿԳՄՍ ու մարզպետարանների ներկայացուցիչներին չընդգրկել խորհորդների կազմում՝ նրանց տալով միայն խորհրդակցական ձայնի իրավունք, փոփոխել տնօրենին ներկայացվող պահանջները, որոնք հնարավորություն կտան երիտասարդներին՝ հավակնել տնօրենի պաշտոնին: Ներկայիս օրենսդրությամբ՝ պահանջվում է 10 տարվա ստաժից 7 տարվա աշխատանքային փորձի առկայություն: Փոխվելու կարիք ունի նաև մանկավարժական աշխատողի կարգավիճակը, դա հնարավորություն կտա մի շարք դասընթացների գծով ունենալ որակյալ մասնագետներ:

«Օրինակ՝ 10-րդ դասարանի հասարակագիտության առարկայում ունենք տնտեսագիտություն, բայց մենք չունենք որևէ բուհ, որը տալիս է տնտեսագետ-մանկավարժի որակավորում: Իսկ օրենքն արգելում է առանց մանկավարժական կրթության մարդկանց ներգրավել:

Եվ վերջապես՝ մանկավարժական թափուր տեղի համար մրցույթներն անցկացնել կենտրոնացված եղանակով, ինչը հնարավորություն կտա էապես նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր