ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքը թարգմանվել է հայերեն
03:05, 11.10.2019 | mamul.am
3667 | 0

Աշխարհահռչակ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքը հայերեն է թարգմանվել: Ջոնաթան Քոնլինի այս գիրքը բացահայտում է Գյուլբենկյանի հարուստ կենսագրությունը: Այն ստեղծվել է Գյուլբենկյանի արխիվի ուսումնասիրությունների հիման վրա: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, ժամը 19:00 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի Գալուստ Գյուլբենկյանի անվան սրահում:

«Շարունակելով հանրությանը ներկայացնել մեր հայ ականավոր գործիչների մասին ստեղծագործությունները՝ մեր հրատարակչությունն ուրախ է հայտարարել, որ շատ շուտով ընթերցողների սեղանին հայերեն թարգմանությամբ կհայտնվի աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքը: Վստահ ենք, որ ինչպես և նախորդ տարի լույսընծայած և ազգային բեսթսելեր դարձած Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը, այնպես էլ այս մեկը մեծ հաջողություն կունենա ընթերցողների շրջանում»,- նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Ամբողջ կյանքում Գյուլբենկյանը միտումնավոր խուսափում էր մամուլից այն աստիճան, որ այսօր նրանք, ում ծանոթ է այդ անունը, հաճախ շփոթում են գաղտնասեր Գալուստին իր հանրաճանաչության ձգտող որդու՝ Նուբարի հետ: Գալուստի գաղտնասիրությունը հետագայում դժվարացրել էր անգամ իր ընտանիքի, կրթության կամ կարիերայի վերաբերյալ հիմնական փաստերը հիմնավորելը։

Չի եղել նավթարդյունաբերության ողջ պատմության մեջ որևէ մեկ այլ գործարար, որ այսքան ուժեղ ազդեցություն ունենար՝ այսքան մեծամասշտաբ և այսքան երկարատև։

Նշենք, որ գիրքը թարգմանել է Սիլվա Հովակիմյանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ հայերեն տարբերակին զուգահեռ լույս է տեսնում նաև ռուսերեն թարգմանությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր