ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Իշխանությունների ցանկությունը՝ լռեցնել այլ կարծիքը, շարունակում է մնալ օրակարգում». Զարուհի Փոստանջյան
14:20, 10.10.2019 | mamul.am
3293 | 2

«Այդ երիտասարդները թույլ են տվել քրեորեն հետապնդելի արարք, իրենց գործողությունները պարունակում են հանցակազմեր՝ նախատեսված ՀՀ Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ խուլիգանություն, լրագրողի օրինական գործունեությանը խոչընդոտելը և խտրական վերաբերմունք: Նրանց միանգամից պետք է ներգրավեին որպես մեղադրյալ». հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը, ասաց «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը:

Նա պնդեց, որ Ա. Թովմասյանին տուժող ճանաչելուց բացի պատկան մարմինները պետք է տուժող ճանաչեին նաև «Հայելի» ակումբին՝ որպես իրավաբանական անձ, ինչպես նաև մեծացնեին մեղադրանքի ծավալը:

Փաստաբանը նկատեց, որ ինքը չի բացառում, որ երիտասարդներն իշխանության կողմից ուղղորդված են գործել: Որպես դրա վկայություն, նա ցույց տվեց լուսանկարներ: Դրանցից մեկում 4 երիտասարդներից մեկը ողջագուրվում է ՀՀ վարչապետի հետ, մյուսում՝ ակտիվ մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, երրորդում էլ՝ հանդիպում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հետ:

Զ. Փոտանջյանն ասաց, որ իր պաշտպանյալի հանդեպ նաև սպառնալիքներ են հնչել՝ առ այն, որ նա լրագրողի գործունեություն չծավալի, ավելին՝ մեկնի Հայաստանից: Նա հայտարարեց, որ ակնհայտ է, որ կապ կա Ա. Թովմասյանի գործի և նրա՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրը լինելու հանգամանքի միջև:

«Եթե դուք նայում եք տեսանյութը, մի քանի անգամ նշվում է Հ. Թովմասյանի քույրը լինելու մասին»,- պնդեց Զ. Փոստանջյանը: Նա հայտարարեց, որ ներկայիս իշխանություններն իրականացնում են այն նույն քաղաքականությունը, որը նախորդ իշխանությունն էր իրականացնում:

«Երբ դառնում են իշխանություն, մոռանում են մարդու իրավունքների հանդեպ հարգանքը, օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, լրատվամիջոցների գործունեության ազատության սկզբունքը հարգելը: Իշխանությունների ցանկությունը՝ լռեցնել այլ կարծիքը, շարունակում է մնալ իրենց օրակարգում՝ որպես գերակա ճյուղ»,- հայտարարեց բանախոսը:

Զ. Փոստանջյանն ասաց, որ ինքը միջնորդություններ է ներկայացրել քննչական մարմնին՝ թերացումները վերացնելու պահանջով: Նրանց կողմից դա կատարելու խոստում է իրենց տրվել:

«Տեսնենք՝ չեն վերացնի, մենք կբողոքարկենք: Բացի այդ, մենք չենք սահմանափակվի ներազգային իրավապահ ատյաններով, կդիմենք միջազգային կառույցներին ևս, որովհետև խոսքի ազատությունը մեզ համար արժեք է»,-ասաց փաստաբանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր