Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.46, EUR 526.02, RUB 7.42, GBP 613.63
+8 °C, +1 °C ... +12 °C Վաղը`+12 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ներքաղաքական հակառակորդներն արտաքին ճակատում նույն երկիրն ու նույն ազգը միասնական ներկայացնելու հոգեբանությունն ունեն». Ն. Հոխիկյան
21:05, 13.10.2019

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արտաքին ճակատում քաղաքական համերաշխության մասին

Թուրք-սիրիական բեմականացված հակամարտության բովում հայկական հանրությունը պատշաճ ուշադրություն չդարձրեց հայ-ադրբեջանական ճակատում տեղի ունեցող փոխհրաձգությանը և այդ համատեքստում ներհայաստանյան մի կարևոր և դրական երևույթի:

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը փաստացի պատերազմի բոթ էր արել՝ սպառնալով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հաշվեհարդար կտեսնի մարտի դաշտում՝ նրա արտասանած «Արցախը Հայաստան է...» խոսքի համար:

Նույն օրերին հայկական կողմից Հասանովին կտրուկ պատասխանեց կարկառուն ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը՝ նշելով, թե անկախ ներքաղաքական խնդիրներից, արտաքին ճակատում մենք միասնական ենք. «Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա մենակ չի մնալու...»:

Հոկտեմբերի 11-ին ԱՊՀ ղեկավարների նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարզունակ քայլ կատարեց՝ նախ ահաբեկիչ անվանելով Գարեգին Նժդեհին, ապա նրա արձանը Երևանի կենտրոնում տեղադրելու համար մեղադրելով ՀՀ նախկին իշխանությանը:

Պարզ էր, որ Ալիևը փորձում է մի զարկով մի քանի հարց լուծել.
1. Եվս մեկ անգամ վարկաբեկիչ քայլ անել ընդդեմ Հայաստանի,
2. Փորձել պառակտել հայ-ռուսական բարեկամությունը,
3. ՀՀ նախկին իշխանությանը մեղադրելով՝ ծուղակը գցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Սակայն բոլորը չէ, որ Ալիևի նման պարզունակ են: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Փաշինյանը ոչ միայն պաշտպանեց Նժդեհի արձանը կանգնեցնողներին, այլև պատմության մեջբերումով ապացուցեց, որ Նժդեհը ազգային գործիչ է եղել և ՀՀ ներկա իշխանության համար ևս կշարունակի մնալ այդպիսին:

Այս ամենում ինձ համար ամենակարևորն այն է, որ ներքաղաքական հակառակորդները արտաքին ճակատում նույն երկիրն ու նույն ազգը միասնական ներկայացնելու հոգեբանությունն ունեն: Ներքաղաքական երկու բևեռն էլ այդ առումով արժանի են հարգանքի»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր