ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Այս ակցիայի հիմքում դրված գաղափարը պարզունակ է». Արման Բաբաջանյան
03:20, 15.10.2019 | mamul.am
3807 | 0

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն մի քանի օր է՝ սոցիալական ցանցերում մեծ իրարանցում է առաջացրել «Հայրենիքն իմ օջախն է» անվանումով ֆլեշմոբը կամ մարտահրավերը, որին միացել և աջակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս ակցիայի հիմքում դրված գաղափարն առավել քան պարզունակ է՝ պետք է հայրենիքը սիրել օջախի, ընտանիքի նման:

Առաջին հայացքից տրամաբանական թվացող այս մոտեցումը, սակայն, իրականում պետության, պետականության վերաբերյալ դասական կանոնների և բովանդակության հետ անհամատեղելի է: Խնդիրն այն է, որ ընտանիքը, օջախը և պետությունն ունեն գոյության ու կառավարման միանգամայն տարբեր պատճառահետևանքային կապեր ու օրինաչափություններ: Ընտանիքում բնականորեն իշխում է ավանդույթը, հասակային հիմքի վրա խարսխված հարգանքը, հիշողությունը և այլն: Ընտանիքն, ընդհանուր առմամբ, հիմնված է զգացմունքի, փոխադարձ սիրո վրա, ընտանիքում գերիշխում է սուբյեկտիվիզմը: Մինչդեռ միանգամայն այլ է պետության պարագան:

Ժողովրդավարական պետության հիմքում դրված է կամ պետք է դրված լինի բոլորի հավասարության, առաջին հերթին օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը: Ժողովրդավարական պետությունն արդյունավետ է այնքանով, որքանով դրանում նվազագույնի է հասցված սուբյեկտիվիզմը, որքանով դրանում գործընթացները կառավարվում են օբյեկտիվ հիմքով՝ Սահմանադրության ու օրենքների շրջանակներում:

Ժողովրդավարական պետության միակ ավանդույթը պետք է լինի սահմանադրականության ու օրինականության հարգման մշակույթի ավանդույթը, մնացած բոլոր ավանդույթները, չգրված օրնենքներն սկզբունքորեն դեմ են ժողովրդավարական պետությանը: Ահա այս և բազմաթիվ այլ պատճառներով «Հայրենիքն իմ օջախն է» գաղափարը հակապետական է և չի կարող ծառայել ժողովրդավարական պետության զարգացմանն ու կայացմանը:

Սա, ի դեպ, փիլիսոփայական, աշխարահայացքային խնդիր է: Անթույլատրելի է, երբ կենացի մակարդակի ցանկությունն ու գաղափարը դրվում է պետականաշինության ու պետության ղեկավարման հիմքում: Մոտեցումը, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է սիրի հայրենիքն այնպես, ինչպես իր ընտանիքը, ցանկալի ու իդեալական լինելով հանդերձ, մոլորություն է:

Ընտանիքը, օջախը, այոʹ, կարևոր կատեգորիաներ են, իրականում, սակայն պետության հիմքը ոչ թե դրանք են, այլ քաղաքացին, անհատը: Մենք պետք է կառուցենք ոչ թե օջախակենտրոն, այլ մարդակենտրոն հասարակություն ու պետություն, որի համար հայրենիքը կդառնա գերագույն արժեք անկախ ֆլեշմոբերից ու մարտահրավերներից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր