ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Վրաստանի համեմատ ունենք մրցունակության աճ». Արտակ Մանուկյան
05:15, 15.10.2019 | mamul.am
2859 | 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ նկատեցի, որ նորահայտ «տնտեսագետներ» են ի հայտ եկել, որոնք մրցունակության համաթվի մասին գրառումներ են անում, թե բա տեսեք Հայաստանը նախորդ տարվա համեմատ ընդամենը մեկ տեղով է առաջադիմել (70-րդից դարձել է 69) մինչդեռ իրենց իշխանության օրոք, մասնավորապես, 2018թ. մրցունակության համաթվով երկու տեղով էր առաջադիմել (72-րդ տեղից՝ 70) որոշակի փաստեր եմ ուզում ներկայացնել։
2019թ. ֆորմալ առումով, Հայաստանը, իրոք, դիրքը բարելավել է ընդամենը մեկ տեղով, բայց շատ ավելի կարևոր է արժեքային գնահատականը՝ այսինքն Հայաստանին տրված հանրագումարային միավորի դինամիկան։

2019թ. Հայաստանը հանրագումարային առումով գրանցել է 1.42 միավորի աճ (61.28՝ 2019թ., 59.86` 2018-ի համեմատ)։ Սա նշանակում է, որ Հայաստանն էլ ավելի է կրճատել իրենից առաջ գտնվող երկրներից խզումը, մասնավորապես, եթե 2018թ. Հայաստանը, զբաղեցնելով 70-րդ տեղը, հետ էր մնում 69-րդ տեղ զբաղեցնող Ադրբեջանից (0.18 միավորով), ապա 2019թ. արժեքային գնահատականով Հայաստանը հետ է մնում 68-րդ տեղն զբաղեցնող Հնդկաստանից ընդամենը 0.08 միավորով։ Այսինքն, Հայաստանն էլ ավելի արագ տեմպով է կրճատել իր և իրենից առաջ ընկած երկրների միջև ընկած հեռավորությունը։
Համանման ձևով Հայաստանը 2019թ. իրենից անմիջապես հետ գտնվող Հորդանանին գերազանցում է 0.34 հանրագումարային միավորով, մինչդեռ 2018թ. արդյունքներով Հայաստանն իրենից անմիջապես հետո գտնվող Մոնտենեգրոյին գերազանցում էր 0.24 հանրագումարային միավորով։ Այսինքն` սա ևս ամրապնդում է իմ առաջարկած թեզը, որն ապացուցում է, որ Հայաստանը մեծացնում է իրենից հետ գտնվող երկրների ու իր միջև առկա հեռավորությունը՝ զուգահեռաբար ավելի արագ տեմպերով մոտենալով իրենից առաջ գտնվող երկրներին (կրճատելով հեռավորությունը)։ Սա թույլ է տալիս եզրակացնել, որ բարեփոխումների տեմպի պահպանման դեպքում հաջորդ տարի կարող ենք ակնկալել շատ ավելի մեծ աճ նաև տեղի առումով․․․

Հ․ Գ․ Այս համատեքստում էլ լավ նորությունը նա է, որ Վրաստանի համեմատ ունենք մրցունակության աճ. եթե Վրաստանը 2018թ. զբաղեցնում էր 66-րդ տեղը՝ 60.88 հանրագումարային միավորով, ապա 2019թ. նրա մրցունակությունը նվազել է։ 2019թ. Վրաստանն զբաղեցրել է 74-րդ տեղը՝ հանրագումարային 60.61 միավորով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր