ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսելի էր ի սկզբանե». Արման Բաբաջանյան
00:40, 15.10.2019 | mamul.am
5356 | 1

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր տեղի ունեցած աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին։ Տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսելի էր ի սկզբանե, երբ իշխող «Իմ քայլը» դաշինքը հանդես եկավ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու նախաձեռնությամբ:

Նման ընթացքը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով այն թույլ իրավական հիմնավորումներն ու փաստարկները, որոնք իշխող քաղաքական թիմը դրել էր այդ իրավական գործընթացի հիմքում: ՍԴ այսօրվա որոշումը պատասխանն էր իշխող մեծամասնության այդ չկշռադատված, չհաշվարկված մոտեցման, որը առնվազն այս փուլում ամրացրեց Հրայր Թովմասյանի դիրքերը: Երկրում, այո, առկա է սահմանադրական ճգնաժամ, Հրայր Թովմասյանն, այո, ժամ առաջ պետք է հեռանա ՍԴ նախագահի պաշտոնից: Սրանք անառարկելի իրողություններ են, որոնք, սակայն, կյանքի կոչելու համար անհրաժեշտ էին իրավականորեն հիմնավորված, անխոցելի, կուռ փաստարկներ, որոնց առաջ անզոր կլիներ ՍԴ ցանկացած անդամ, եթե անգամ նա համարվում է Հրայր Թովմասյանի թիմակիցը: Իշխող մեծամասնությունը սակայն տապալեց այդ խնդիրը, անորակ ու երերուն փաստարկներով կազմված նախագծով ՍԴ անդամներին լեգիտիմ հիմք տվեց՝ մերժելու Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին դիմումը: Տեղի ունեցածի ամբողջ քաղաքական պատասխանատվությունը կրում է իշխող «Իմ քայլը» դաշինքը:

Հիշեցնեմ, որ ես հանդես եմ եկել երկու նախաձեռնություններով՝ կապված Հրայր Թովմասյանի կողմից ՍԴ նախագահին ներկայացվող անհամատեղելիության պահանջը խախտելու հետ. նախ այդ հիմքով հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պահանջելով կատարվածին տալ քրեաիրավական գնահատական (Դատախազությունը դիմումն ուղարկել է ՀՔԾ, որտեղ նյութեր են նախապատրաստվում), ապա ԱԺ-ում շրջանառության մեջ դրեցի նույն հիմքով Հրայր Թոմսվայանի լիազորությունները դադարեցնելու նպատակով ՍԴ դիմելու մասին օրենքի նախագիծ: Ինչպես արդեն նշել եմ, երկրում Սահմանադարկան ճգնաժամի հաղթահարումը հնարավոր չէ իրականացնել մեկ քայլանոց գործողություններով, այն համընդգրկուն, բազմաքայլ գործընթաց է, որը կարող է հաջողություն ունենալ միայն իրավականորեն հիմնավոված, անխոցելի փաստարկների դեպքում:

Հույս ունեմ, որ իմ նախաձեռնությունները կծառայեն այդ նպատակին, քանի որ դրանք մանրակրկտորեն մշակվել են երկրի հեղինակավոր իրավաբանների, սահմանադրագետների գործուն մասնակցությամբ:

Թավշյա հեղափոխությանը հաջորդած մեկուկես տարիների ընթացքում երկրում բազմաթիվ կարևորագույն հիմնախնդիրներ չեն լուծվում կամ ուղղակի տապալվում են իշխանության ապաշնորհության, խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով: ՍԴ-ի այսօրվա որոշումը դրա հերթական վկայությունն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր