ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Փոխանակ առողջապահությունը մոտեցնենք սոցիալապես խոցելի շերտին, էլ ավելի ենք հեռացնում». Դավիթ Խաժակյան
00:35, 16.10.2019 | mamul.am
3127 | 0

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի Հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցների այսօրվա բողոքի ակցիայի վերաբերյալ.

Առողջապահության նախարարությունում քննարկվում է 2020 թվականի ծախսերում Երևանի քաղաքային հակատուբերկուլյոզային դիսպանսերի ֆինանսավորման կրճատման հարցը, ինչը նշանակում է, որ այդ բուժհաստատությունը դադարելու է գործել։

Սա, կարծում եմ, նախարարության կողմից հեռատասական քայլ չէ և առավել ևս ժամանակավրեպ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պոլիկլինիկաներում տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետներն առհասարակ հարմարեցված չեն նման գործառույթների պատշաճ իրականացման համար։

Ներկայումս տուբերկուլյոզով հիվանդների մեծ մասը իրենց վերջնական ախտորոշումը ստանում են հենց այս դիսպանսերում և վերջինիս փակումը կնշանակի, որ սոցիալապես այս խոցելի շերտը պետք է հասնի քաղաք Աբովյան, որպեսզի կարողանա համապատասխան բուժզննում անցնել։ Փոխանակ առողջապահությունը մոտեցնենք սոցիալապես խոցելի շերտին, էլ ավելի ենք հեռացնում և ունքը սարքելու տեղը՝ աչքն էլ ենք հանում։

Ավագանու հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնել էի բուժանձնակազմի կողմից ինձ հասցեագրված մտահոգությունները և հույս ունեի, որ նախարարը քննարկման դաշտ կստեղծի այդ թվում նաև բուժանձնակազմի հետ։ Ակնկալում եմ հարցի վերաբերյալ լայն քննարկում և ոչ թե մակերեսային ձևակերպումներ, որոնք այսօր նախարարության կողմից տարածվեցին հայտարարության տեսքով»:

Վերջինի հրապարակմանն ի պատասխան՝ Առողջապահության նախարար Արսեն Թոորսյանը մեկնաբանությունների հատվածում գրել է. «Հարցը բազմիցս խորը, շատ խորը ու համապարփակ քննարկվել է քաղաքային, ազգային ու միջազգային մակարդակներում։ Մեր երկրին, բարեբախտաբար, հակատուբերկուլոզային բազմաթիվ հիվանդանոցներ պետք չեն։ Այլ պետք է 1 հիվանդանոց և ԱԱՊ հաստատություններ, ինչպիսիք են պոլիկլինիկաները։ Քաղաքային իշխանությունները պետք է մտածեն իրենց հաստատությունների հետագա պրոֆիլի մասին։ Իսկ պետական բյուջեն դոտացիաների համար այլևս չի օգտագործվելու։ Մինչ իմ պաշտոնավարումն էլ Երևանի տուբդիսպանսերը չի դադարել ֆինանսավորվել պետական բյուջեից միայն նեղ անձնական շահերի պատճառով դիսպանսերի ղեկավարության և քաղաքապետարանի բուժվարչության միջև։ Իմ պաշտոնավարման հենց սկզբից օպտիմալացման պրոցեսը սկսված է եղել ու շարունակվելու է։ Ի դեպ, սկիզբը եղել է Դիլիջանի հակատուբերկուլոզային դիսպանսերի տարեկան 300մլն դրամ ֆինանսավորման դադարեցումը, որը չուներ որևէ հիմք ապացուցողական բժշկության տեսանկյունից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր