ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Մեզ Նիկոլ Փաշինյանն ազատե՞ց, թե՞ արդարադատությունը». Պավել Մանուկյանը՝ դատավորին
12:30, 16.10.2019 | mamul.am
5301 | 1

«Ես իմ նախորդ հայտարարության մեջ պնդել եմ, հիմա էլ պնդում եմ, որ ոստիկան Գագիկ Մկրտչյանին կրակողը Բիլյան Արմենը չէ»,- այսօր ընթացող «Սասնա ծռեր»-ի դատավարության ժամանակ մեղադրող կողմի հարցին պատասխանեց տասը անդամի գործով ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը:

«Ես դարձյալ յուրաքանչյուր բառս պնդում եմ, դա բացարձակ ճշմարտություն է. այս փուլի համար ես առանձնապես ասելիք չունեմ: Երբ կխոսեմ մյուս վկաների հետ, այն ժամանակ իմ ասելիքը կշարունակեմ: Բայց կրկնում եմ՝ Բիլյան Արմենը չի և բանկոմատը ևս Արմեն Բիլյանը չի թալանել»,- շարունակեց Մանուկյանը:

Մեղադրողի հարցին՝ առաջադրված մեղադրանքներով Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ, Պ. Մանուկյանն արձագանքեց՝ «երբեք»: Հաջորդ հարցին՝ Ձեզ առաջադրված մեղադրանքում նկարագրված գործողությունները Ձեր կողմից կատարվե՞լ են, թե՞ ոչ, ասաց, որ այդ հարցին չի պատասխանի:

Մեղադրողի մնացած հարցերին Մանուկյանը ևս չպատասխանեց:

Պավլիկ Մանուկյանը դիմելով դատարանին՝ ասաց. «Ես եղել եմ արդարության մարտիկ և շատ վատ է, որ այսօր ամբողջ Հանրապետությունով մեկ տարածում են, թե Նիկոլ Փաշինյանը մեզ ազատեց: Հարց եմ տալիս` մեզ Նիկոլ Փաշինյանն ազատե՞ց, թե՞ արդարադատությունը»:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Սասնա ծռերի» տասն անդամի գործով դատական նիստը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր