ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականով մարտավարական մասնակի վրիպակ է թույլ տալիս». Հայկ Մարտիրոսյան
14:10, 19.10.2019 | mamul.am
6155 | 2

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անշարժ Գույքի Կադաստրի Պետական կոմիտեի պետ Սարհատ Պետրոսյանի հրաժարականը մեկ այլ պատուհան է դեպի իշխանության ապիկարության և ողբերգություն: Ողբերգություն է, որ այս կառավարությունը շարունակում է նախկինների գիծը, որ հրաժարական է տալիս այս իշխանության լավագույն և ամենաազնիվ մասնագետներից մեկը: Հրաժարական է տալիս, որովհետև որքան էլ որ քաղաքակիրթ ձևակերպումներ տա և ֆորմալ շնորհակալություն հայտնի վարչապետին վստահության համար, իր վստահությունն է, որ չարաշահվել , և անթույլատրելի գիծ վարվել վարչապետի և իր իշխանության կողմից: Պետրոսյանի կողմից՝ իր հայտարարությունում դեռևս մակերեսայնորեն նշվող անթույլատրելի մոտեցումները ցույց են տալիս, որ շարունակվում է մինչհեղափոխական գիծը, որ «հեղափոխություն» ընդհանրապես չի էլ եղել: Սա ուժեղ հարված է այս իշխանությանը, և Սարհատին անշուշտ, փորձելու են մյուս հեռացածների պես վարչապետի պիտակավորմամբ «ծայրահեղ ոչ կոմպետենտ» բնորոշել, բայց դա միայն իրենց ոչ կոմպետենտության մասին է խոսելու: Որքան էլ Սարհատը չուզենա խնդիրը քաղաքականացնել, սա քաղաքական խորագույն ճգնաժամի և քաղաքական լրջագույն վատթարացման արգասիք է և վկայություն:

Այն, ինչ մենք ահազանգում էինք դեռևս ամիսներ առաջ, հիմա իրականություն է դառնում: Ներկայիս իշխանությունը դառնում է նախկին ռեժիմի շարունակություն, իսկ հեղափոխական, բարոյական և մասնագիտական որակներն ու մոտեցումները պսևդոհեղափոխականների կողմից դառնում են անհանդուրժելի: Միջակությունն ու ցածրորակությունը խժռում են որակն ու ազնվությունը և երկիրը կանգնեցնում նոր ու վտանգավոր մարտահրավերների առջև:

Սարհատ Պետրոսյանը, այնուամենայնիվ, իր հրաժարականով մարտավարական մասնակի վրիպակ է թույլ տալիս: Անհրաժեշտ էր ներսից պայքարել, փորձել կռիվ տալ պետական ապարատի հրեշայնացման դեմ և այնուամենայնիվ սեփական դրական գաղափարներից գոնե մի քանիսը իրականություն դարձնել: Իսկ եթե իրավիճակն այնքան անտանելի էր դարձել, որ իրո՜ք, այլևս անհնար էր աշխատել, ապա հեռանալը պետք է առավել աղմկոտ լիներ, որպեսզի գոնե այդ քայլը սթափեցման կոչ լիներ իշխանությանը, կամ՝ իրազեկման և աչքերի բացման գործողություն՝ ուղղված ժողովրդին:

Ամեն դեպքում իրականությունը հետևյալն է. Հայաստանը իշխանությունում կորցրեց ևս մեկ բարձր պրոֆեսիոնալի, որն ունակ էր լուրջ փոփոխություններ կատարել. կորցրեց, որովհետև նախկինացող նոր համակարգը խժռեց նրան:

Մեզ առավել դժնդակ ժամանակներ են սպասում, և երկրին բոլորովին նոր մոտեցումներ են անհրաժեշտ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր