ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Մեր քաղաքն ախր ինչքա՜ն նման է մեզ». Նազենի Հովհաննիսյան
20:25, 19.10.2019 | mamul.am
9508 | 0

Դերասան, հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանը: Անուշահոտ աշունների ու սերերի պես երջանկացնող, քամու հետ թևածող տերևներով լի քաղաքը, փողոցները` երակների պես կյանք տվող` արյունատար անոթ...

Երևանը, աննկարագրելի ապրեցնող, ու դաժանաբար ինքդ քեզ հետ թշնամացնող, հիվանդագին ուշադիր ու հիվադացնող անտարբեր:
Մեր քաղաքն ախր ինչքա՜ն նման է մեզ. անհագուրդ կարոտների ու գիշերվա զովերի քաղաքը: Անծով, բայց ծով մարդկանց քաղաքը:
Մի քիչ գժոտ, թեթևասահ ու քմահաճ, բայց և անհատնում համբերությամբ, սեթևեթ կնոջ տրամադրությամբ փոփոխական, բայց հաստատ քեզ մշտապես սպասող քաղաքը:
Դու... մի տխրիր. Երևանն ամեն օր ու ամենուր քեզ հետ կլինի. երեկ, վաղը և այսօր:
Իսկ հեռավորությու՞նը մի օր ուղղակի կանցնի-կգնա` աշնան թափվող տերևների պես: Գորգ կդառնա ոտքերիդ տակ. ցավերից, կարոտներից ու փայլող հիշողություններից հյուսված ճամփա, որ վերջապես վերադարձնի քեզ քաղաքին ու քաղաքը` քեզ: Կարոտներիցդ պինդ բռնվիր, որ փոթորկելով բերեն- հասցնեն երազանքներիդ հավերժական քաղաքին, որը որքան էլ կեղտոտես բարկությամբ, ներկես հուսահատությամբդ գորշագույն, միևնույն է, միշտ կմնա քո վարդագույն երազանքի քաղաքը:
Երևանը` իր փոքրության մեջ անսահման ու մեծ մի բաբախող սիրտ. մարդկային անկրկնելի ճակատագրերի խճանակար:
Երևանը. հիվանդացնող անտարբեր ու հիվանդագին ուշադիր մեր Քաղաքը...
Նվիրվում է Երևանը սիրող, նրանով ապրող ու նրան կարոտող մարդկանց...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր