Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.03, EUR 530.47, RUB 7.50, GBP 627.41
+3 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Թումանյանական օլիմպիադայի ամփոփում
04:05, 22.10.2019

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հ. Թումանյանի թանգարանը կազմակերպել է համահայկական թումանյանական օլիմպիադա, որին մասնակցել է մայրաքաղաքի և մարզերի շուրջ 300 դպրոցի ավելի քան 3300 աշակերտ:

Գրողի թանգարանում տեղի է ունեցել թումանյանական օլիմպիադայի հաղթողների պարգևատրումը:

«Հոբելյանական միջոցառումների մեջ օլիմպիադան առանձնանում է մասնակիցների ներգրավվածությամբ, ընդգրկվածությամբ, նաև լրացուցիչ հնարավարություն է Թումանյանի ստեղծած բովանդակությունը կամրջելու և ամրապնդելու մեր պատանիների գիտակցության մեջ: Թումանյանն այն եզակի մեծերից է, որը ամենամեծ դերակատարությունն է ունենում մեր ինքնության և մտածողության ձևավորման վրա: Այն, ինչ մենք անում ենք հոբելյանական տարվա ընթացքում, իրականում քիչ է, պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի մեր նախաձեռնություններում նոր բովանդակություն ստեղծենք»,- նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` շնորհավորելով օլիմպիադայի մասնակիցներին և հաղթողներին:

Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը նշել է, որ օլիմպիադայի առաջին փուլը տեղի է ունեցել մարտին` դպրոցներում: Մասնակիցներից երկրորդ փուլ է անցել շուրջ 400 աշակերտ, որոնցից հաղթող է ճանաչվել 5, խրախուսական մրցանակի արժանացել` 7 աշակերտ:

Թանգարանի տնօրենն իր խոսքում նշել է, որ ծրագրի նպատակն է ամրապնդել Հ. Թումանյանի և այսօրվա պատանու բարեկամությունը, հարցաշարերի յուրահատուկ ձևի մեջ նոր գիտելիքներ փոխանցել նրանց, ինչպես նաև առիթ ստեղծել տարբեր մարզերի հասակակից դպրոցականների համար՝ հանդիպելու մեկ հարթակում։

Միջոցառման ավարտին «Արեգնազան» կրթահամալիրի սաները ներկայացրել են Հ. Թումանյանի հեքիաթների բեմականացումը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր