ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Երբ Ձեզ մոտ դեժավյու է, նայեք ընդդիմադիրների նախագծերի վիճակագրությունը». Արարատ Միրզոյանը՝ Նաիրա Զոհրաբյանին
13:20, 22.10.2019 | mamul.am
3281 | 0

«Երբ Ձեզ մոտ դեժավյու է առաջանում ընդդիմության նախագծերի մերժման մասով, ես առաջարկում եմ մի կարճ ժամանակ հատկացնել և նայել ընդդիմության ներկայացրած և ընդունված նախագծերի վիճակագրությունը, համեմատել և մի հատ էլ լավ մտածել՝ արդյոք դեժավյուի տեղ կա, թե՞ ոչ». հոկտեմբերի 22-ի նիստում այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ ընդդիմության ներկայացրած նախագիծը մերժելու գնահատականին: Ն. Զոհրաբյանն ասել էր. «Այն պատճառաբանությունները, թե կառավարությունը կբերի ավելի համակարգային փաթեթ, ինձ մոտ դեժավյուի տպավորություն է արթնացնում, նախորդ իշխանությունը նունկերպ էր ասում: Չեմ բացառում, որ կառավարությունը վաղը նույն նախագծի մեջ մի ստորակետ կավելացնի, կբերի կներկայացնի: Համակարգային լուծում առաջարկում է հենց այս նախագիծը: Եթե դուք ուզում եք այդ համակարգային լուծման վրա անպայման կառավարության անունը գրված լինի, կառավարությունը կարող է միանալ ԲՀԿ խմբակցության ներկայացրած նախագծին»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նրա գործընկեր Միքայել Մելքումյանի ներկայացրած «Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին» օրինագծով նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել 50 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերին և դրանք իրականացնել մեկ պատուհանի սկզբունքով:

Նախագիծը պաշտպանեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Էդմոն Մարուքյանը նկատեց, որ երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, սկզբնական շրջանում ներդրում կատարողների ցանկություն ունեցողների բավականին հոսք կար Սփյուռքից: Այն ժամանակ եթե այդ լավ պատուհանը լիներ, հոսքը պատշաճ կկազմակերպվեր:

«Հիմա լավ է ուշ, քան երբեք: Այդ 1 պատուհանի գաղափարը լավ գաղափար է: Պետք չէ սպասել համակարգային լուծումների»,- հայտարարեց նա:

Խորհրդարանական մեծամասնությունը նախագիծը օրակարգ մտցնելը մերժեց այն հիմնավորմամբ, որ առաջիկայում իրենք առավել համակարգային նախագիծ են ներկայացնելու:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր