ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԴՈՒՔ ԱԶՆԻՎ ՉԵՔ ԵՎ ԱՆՓԱՌՈՒՆԱԿՈՐԵՆ «ՄԻԱՄԻՏ» Պատկերացնում ե՞ք, երբ մի քանի ամիս առաջ պարգևավճարների (դարձյալ գաղտնազերծված) հանրահայտ դեպքերով հանրությունը ընդվզեց, փորձելով տրամաբանություն և ընթացակարգեր գտնել, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները պարզաբանումներ արեցին, արդարացան, թե՝ նախորդ ռեժիմի ժառանգություն է, վերատեսության կենթարկեն ու էլի հեքիաթներ․․․ Այո, հեքիաթներ, որովհետև հավանաբար դրան զուգահեռ ինչ-ինչ հավաքներում նախարարական աշխատավարձերի բարձրացման գաղտնի պակտն էր մշակվում։ Դուք ոչ միայն ազնիվ չեք, այլև անփառունակ «միամիտ», գուցե՝ չտես։ Ինչպես կարող եք մտածել, որ կարելի է կոծկել․․․ Կոծկել, ստել, խաբել, բայց՝ ում։ Այն ժողովրդին, որի թևերով ու ոտքերով իշխանության եկա՞ք։ Այն ժողովրդին, որի անունը շահարկելով գաղտնի որոշումներ եք ընդունում։ Ես ու շատերը իրավունք ունենք մտածելու, որ դուք այդպես գաղտնի նաև ճակատագրական այլ որոշումներ կարող եք ընդունել։ Իսկ դուք համարյա թե ուղիղ դեմոկրատիա էիք հայտարարել, Հին Հռոմի հանգույն հրապարակն էր որոշում։ Անկեղծանամ․ ամեն անգամ փակ նիստ արտահայտությունը լսելիս՝ մտածել եմ՝ Արցախյան խնդրով մի հարց է։ Այնինչ․․․մինչ Ադրբեջանի 2020 թ․ պետական բյուջեի նախագծով պաշտպանական բյուջեն աճել է 20,9%-ով, ՀՀ Կառավարությունը որոշել է չավելացնել պաշտպանական բյուջեն՝ միջոցներն ուղղելով այլ, «խաղաղ» նպատակների։ |