Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.46, EUR 526.02, RUB 7.42, GBP 613.63
+10 °C, +1 °C ... +12 °C Վաղը`+12 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հիշեցի Էդուարդ Բաբայանի խոսքը, թե Աբովյանը գործ տվողների քաղաք չի դառնալու». Սիսակ Գաբրիելյան
17:35, 22.10.2019

ԱԺ-ն հոկտեմբերի 22-ի նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը: Այն հանրության շրջանում «գործ տվողի նախագիծ» որակումը ստացավ: Դրանով սահմանվում է, որ ցանկացած քաղաքացի կարող է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը տեսանկարահանել և բջջային հավելվածով ուղարկել իրավապահ մարմիններին: Նախագծի քննարկումը բուռն էր: ԲՀԿ խմբակցությունից Արման Աբովյանը հետևյալ տեսակետը հայտնեց. «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այն մադրիկ, ովքեր այս օրինագծի համար համառ պայքարում են, ապրում են Լոնդոնում կամ Նյու-Յորքում և ծանոթ չեն ճանապարհներին տիրող իրավիճակին: ՀՀ ճանապարհների 70-80 տոկոսը ոչ բարվոք վիճակում է և նույնիսկ գծանշված չէ: Երևանում լուծված չէ կայանատեղերի խնդիրը»: Պատգամավորի խոսքով, ըստ էության, պետությունը չի ապահովել բարվոք ճանապարհներ ու կայանատեղիներ ունենալու նվազագույն պահանջը: Եվ օրինագծի ընդունմամբ, կավելանան տուգանքները, որոնց բեռն ընկնելու է քաղաքացու վրա: Խոշոր հաշվով՝ ՀՀ-ում հնարավոր չէ մեքենա վարել ու խախտում չկատարել: Դրան հակադրվեց «Իմ քայլից» Քրիստինե Պողոսյանը: Նա նշեց, որ ինքը ոստիկանության հետ առնչվել է 2 անգամ՝ իր մեքենայի ապակին կոտրելու դեպքերով: ՀՀ-ում հնարավոր է խախտում չկատարել:

Նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը ճանապարհների ոչ բարեկարգ լինելու, փողոցները ՃՈ նշաններով կահավորված չլինելու դիտարկումներին ի պատասխան նշեց, որ նման դեպքերում խախտումներ չեն արձանագրվելու: Իր խոսքը Ա. Աբովյանին հասցեագրելով՝ Ս. Գաբրիելյանը հայտնեց, որ Աբովյանի քաղաքապետը գրությամբ խնդրել է ոստիկանապետին՝ քաղաքում տեսախցիկներ ու արագաչափեր տեղադրել:

«Ու պահի տակ հիշեցի Էդուարդ Բաբայանի խոսքը, թե Աբովյանը գործ տվողների քաղաք չի դառնալու... Ես հարգում եմ քաղաքապետի այդ որոշումը»,- ասաց Ս. Գաբրիելյանը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր