ՀՀ վարչապետի՝ քաղավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր աշխատանքային այցով եղել եմ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում: Նախ՝ օդանավակայանի մատույցները բարեկարգ էին: Իր «գրդոնչիներով» ու նրանց անանցանելի շարքերով հայտնի օդանավակայանի հրապարակը ազատ, բարեկարգ, կանաչաատ: Էս հարցում, գիտեմ, իր անսպառ դրական էներգիայով, իր անգնահատելի ներդրումն ունի Սոֆի Հովսեփյանը: Մուտքի մոտ ինձ անցագրով դիմավորեց օդանավակայանի ադմինստրատոր տնօրեն Արմինե Աբրահամյանը: Առաջին իսկ տպավորությունից համակրանքի արժանի, երիտասարդ, բանիմաց: Եվ առաջնորդեց ողջ այցի ընթացքում: Ֆոտոներում պարզ երևում են արված և շարունակվող աշխատանքների արդյունքը: Անվտանգության և սահմանապահ ստուգման կետերը, ինչպես տեսնում եք, նոր են և ապահովված ժամանակակից բոլոր սարքավորումներով: Կայանատեղին մեծացված է, և բարեկարգված: Հին ու նոր ասֆալտների միացման գիծը և գույների տարբերությունը նկարների վրա երևում է: Բայց այդքանով հանդերձ չի նկատվում մեր աչքին սովորական դարձած հին ու նոր ասֆալտների անհարթությունները: Ամեն ինչ միահարթ է և որակյալ: Օդանավակայանի մասնագիտացված մեքենաների պարկը ազդեցիկ է` կա, փաստորեն ամեն ինչ, և բոլորը որակյալ, հայտնի ընկերությունների արտադրության: Նոր դիսպետչերական աշտարակ, նոր դիտարկման կենտրոն... Արդյունքում կարելի է վստահորեն հաստատել, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը բարձր չափանիշներով պատրաստ է սպասարկել ցանկացած միջազգային թռիչք»: |