ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ամբողջ ազգն է տեսնում՝ արդարադատության կրիշն ա փտած, կը-րի-շը, ոչ թե կրիչը». Պավլիկ Մանուկյան
12:20, 23.10.2019 | mamul.am
3799 | 0

Ինչպես տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի տասն անդամների գործով դատաքննությունը:

Դատավոր Պետրոս Մակյանը ընթերցեց հանրային պաշտպանների կողմից ուղարկված դիմումները: Տիգրան Եգորյանն իր դիմումում խնդրել է սեղմ ժամկետում լազերային կրիչով իրենց տրամադրել գործով տուժողների հարցաքննությունների արձանագրությունները՝ նշելով, որ նախկինում դատարանի կողմից տրամադրված կրիչը վնասվել է: Դատավորի խոսքով, թեպետ դա իրենց պարտականությունների մեջ չի մտնում, սակայն տրամադրել է այդ կրիչները, մինչդեռ, այդքանի հետո, այսօր ո՛չ Մուշեղ Շուշանյանը, ո՛չ էլ Տիգրան Եգորյանը չեն ներկայացել դատարան:

Լսելով դատավորին՝ գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանն ասաց. «Անցյալ դատավարությունից հետո իմ կարծիքը ևս մեկ անգամ հաստատվեց և ի փառս Ձեզ, հաստատեցի, որ Դուք արժանի դատավոր եք: Եթե այսօր մի հատ էլ անցածի պես դատավարություն անեք, ես համոզված եմ, որ ձեզ հետ արդեն «դուք»-ով կխոսեմ: Հիմա էսպես ձգձգելով՝ կրիչը, հավաքիչը, չգիտեմ ինչը... ես ոնց տեսնում եմ, ամբողջ ազգն է տեսնում՝ արդարադատության կրիշն ա փտած, կը-րի-շը, ոչ թե կրիչը: Սենց ձգձգելով ինչի՞ եք տանելու: Մարդուն անհարկի տեղը կալանքի տակ եք պահում»,- վրդովվեց Մանուկյանը՝ անդրադառնալով Արմեն Բիլյանի շարունակ ձգձգվող դատավարությանը:

Դատավորն ընդհատելով Պ. Մանուկյանին՝ հարցրեց, թե արդյոք նա պաշտպանների բացակայության հետ կապված որևէ հարց ունի՞: Արձագանքելով՝ Մանուկյանն ասաց. «Չէ, ես հարցաքննողներից ունեմ, Դուք մեր հարցին պատասխանեք՝ ինչո՞ւ եք անհարկի տեղը դատավարությունը հետաձգում»:

Այնուամենայնիվ, դատավորը հայտարարեց, որ պաշտպանների բացակայության պարագայում, դատավարությունը շարունակել հնարավոր չէ: «Հաշվի առնելով, որ դատարանի նշանակած հանրային պաշտպանը կարևորում է ամբաստանյալների շահերի պաշտպանության իրականացումն ու իրացումը, հետևաբար, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք մինչև հանրային պաշտպանը վերադառնա, քանի որ ինչպես իրավացիորեն նշել է տիկին Առուստամյանը, այլ պաշտպաններ վերամակագրվելու դեպքում, գործի նյութերին ծանոթանալ և այլն, բավականին մեծ ժամանակահատված կխլի մեզանից և ավելի անարդյունավետ կլինի մեր գործի քննությունը»,- ասաց Մակյանը:

Այսպիսով, դատարանը հետաձգեց գործի քննությունը և հաջորդ նիստի օր նշանակեց նոյեմբերի 6-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր