ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Կոչ եմ անում Արսեն Բաբայանի փաստաբաններին հրապարակել, թե դատարան ներկայացված փաթեթի մեջ առկա է արդյոք Առուշան Հակոբյանի ցուցմունքը». Գոհար Մելոյան
12:25, 23.10.2019 | mamul.am
3528 | 0

Իրավաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատուկ քննչական ծառայության հոկտեմբերի 22-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ Գագիկ Հարությունյանի ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018-ի մարտի 5-ին, մինչդեռ՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018թ. մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ:

Այսինքն` ըստ Հատուկ քննչական ծառայության՝ Արա Բաբլոյանն օբյեկտիվորեն չէր կարող 2018-ի մարտի 2-ին հրապարակել Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը ներկայացնելու վերաբերյալ հայտարարությունը: Վերոնշյալն ուղղակիորեն հերքվում է Սահմանադրական դատարանի նախկին աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի՝ սույն թվականի հոկտեմբերի 22-ին «Հրապարակ» լրատվական կայքում հրապարակված հարցազրույցում:

Պարոն Հակոբյանը նշում է, որ նախ հարցաքննվել է սույն գործով, ապա հայտնում իր ցուցմունքի բովանդակությունը:

Այսպես՝ մեջբերում նշված հարցազրույցից.

Հարց – Իսկ այդ գրության մասով կոնկրետ ի՞նչ եք ասել, Դո՞ւք եք ուղարկել այն ԱԺ և ե՞րբ եք ուղարկել:

Պատասխան - Ես ցուցմունքում գրել եմ, որ ես ամսի 2-ի առավոտյան առձեռն ուղարկել եմ աշխատողներից մեկի միջոցով:

Այսինքն` Սահմանադրական դատարանի նախկին աշխատակազմի ղեկավարի (անձը, ով պատասխանու է Սահմանադրական դատարանի պատշաճ փաստաթղթաշրջանառության համար) ցուցմունքի համաձայն՝ 2018-ի մարտի 2-ի առավոտյան ՍԴ նախագահի հրաժարականի դիմումը մուտքագրվել է Ազգային ժողով, ինչպես և մակագրված է Աժ-ում համապատասխան փաստաթղթերի վրա:

Այդ դեպքում, հարց է առաջանում՝ նման ցուցմունքի պարագայում այդ ինչ փաստական տվյալի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը կարող էր որոշել, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը ելքագրվել Սահմանադրական դատարանից միայն մարտի 5-ին, այսինքն՝ երեք օր հետո, այլ ոչ թե մարտի 2-ին, ինչպես պնդում է Առուշան Հակոբյանը, և ինչպես արձանագրված է Ազգային ժողովում:

Հ. Գ. Նման պայմաններում կոչ եմ անում Արսեն Բաբայանի փաստաբաններին հրապարակել, թե Արսեն Բաբայանի կալանավորման վերաբերյալ դատարան ներկայացված փաթեթի մեջ առկա է արդյոք Առուշան Հակոբյանի ցուցմունքը, քանի որ դրա բացակայությունն հերթական անգամ հավաստելու է «քրեաիրավական գործընթացի» կանխակալությունը և Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը:

Հ. Գ. 1. Գագիկ Հարությունյանը 2018թ. փետրվարի 28-ին ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ, որի հաջորդ օրը տրամաբանականորեն, ներկայացրել էր հրաժարականի դիմում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր