ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին՝ իշխանության գալ». Արա Բաբլոյան
17:35, 23.10.2019 | mamul.am
4270 | 1

«Ես ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն: Ես չեմ խախտել օրենք: Չեմ կարող ասել, թե ինչո՞ւ է Գագիկ Հարությունյանն ավելի շուտ դիմում գրել. այդ բաների համար ես պատասխանատու չեմ»,- այսօր «Արաբկիր» բժշկական կենտրոն»-ում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ ներգրավվելու մասին տեղեկությանը, ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:

«Ես մի հարցի շուրջ կարող եմ պատասխան տալ, եթե այդ մասին ինձ հարցնեն... ինձ միայն մի բանում կարող են մեղադրել. նրա համար, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին՝ իշխանության գալ»,- ասաց Բաբլոյանը:

Հարցին՝ Դուք դա համարում եք հանցագործությո՞ւն, ասաց, որ ինքը թույլ է տվել օրենքի խախտում. «Ես օֆիցիալ հայտարարում եմ՝ թող իրավապահներն ուսումնասիրեն և գտնեն՝ որտե՞ղ եմ խախտել և ինչո՞վ եմ աջակցել»,- նշեց ԱԺ նախկին խոսնակը:

Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին և Բաբլոյանը, ըստ մեղադրանքի, դիմումը պաշտոնապես դեռևս չստացած, ապօրինի ստորագրել է այն ու հանդես եկել ՍԴ նախագահի հրաժարականի մասին հայտարարությամբ:

«Եթե ես մեղավոր եմ՝ պատրաստ եմ պատիժ կրել, բայց ուզում եմ ժողովրդին ասել, որ ես օրինապահ եմ: Այսինքն՝ ես չեմ սիրում օրենք խախտել, ես չեմ սիրում ինքնագործունեություն իրականացնել նամանավանդ պաշտոնում եղած ժամանակ»,- եզրափակել է Բաբլոյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր