ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ձայն բարբառո հանապատի». Դիլիջանի գիշերօթիկի աշխատակիցների բաց նամակը վարչապետին
21:30, 24.10.2019 | mamul.am
5924 | 0

Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության ամբողջ անձնակազմը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Սիրելիʹ պարոն վարչապետ,

Ենթադրելով ու կարծելով, որ համապատասխան պաշտոնատար անձինք գիշերօթիկ հաստատությունների հետ կապված իրականությունը Ձեզ սխալ ու ձևափոխած են ներկայացնում, վերջին հույսի ակնկալիքով, կրկին դիմում ենք Ձեզ՝ հուսալով, որ ժամանակ կգտնեք, անձամբ կուսումնասիրեք, կարձագանքեք ու դրական լուծում կտաք` մեր ընտանիքների համար կենսական ու գոյապահպան նշանակություն ունեցող, արդարացի խնդրանքին:
Հայտնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 11-ին դարձյալ նախարարությունից իրազեկվեցինք Դիլիջանի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության փակման վերաբերյալ, ինչի հետևանքով հաստատության 69 աշխատողներս դառնալու ենք գործազուրկ` չկարողանալով հոգալ մեր ընտանիքների տարրական պահանջները:
Մեր սաները կհայտնվեն փողոցում` առաջին հերթին զրկվելով կրթության հնարավորությունից, որն այնքան կարևորում եք Դուք, վատթարանալու են նրանց ծնողների առանց այն էլ ծանր պայմանները:
Մեր համառ ջանքերի ու քանիցս ուղղած խնդրանքների արդյունքում, Տավուշի մարզպետը հաստատության աշխատակիցներին հրավիրեց հանդիպման ու երբ ս.թ. հոկտեմբերի 17-ին մեր մի խումբ աշխատակիցները գնացին նրա մոտ` մարզպետարան, վստահ լինելով, որ հանդիպելու են մարզպետ Հ. Չոբանյանին, ով կլսի իրենց խնդրանքը և համապատասխան հիմնավորումներով այն կներկայացնի կառավարությանը, տեղում անակնկալի եկան՝ այնտեղ տեսնելով սոցիալական հարցերի նախարարության այս լուծարման ծրագրի պատասխանատուներին և WORLD VISION, SOS մանկական գյուղեր, ՀՕՖ կառույցների ղեկավարներին և աշխատակիցներին: Նման ձևաչափով հանդիպումն անսպասելի էր, որի մասին նախապես իմանալու պարագայում կարող էինք հանդիպմանը ներկայանալ համապատասխան փաստաթղթային հիմնավորումներով և լիարժեքորեն պատճառաբանել մեր խնդրանքը. հաստատության լուծարման գործընթացը երկարաձգելու, ձմռանը աշխատողներին գործազուրկ չդարձնելու, երեխաների դեռևս որևէ ձևով ոտքի չհանած ընտանիքներին փաստի առջև կանգնեցնելու մասին:
Հանդիպման ժամանակ մեր կողմից մանրամասն ներկայացվեցին բոլոր հիմնավորումները և բազմաթիվ առաջարկներ Դիլիջանի երեխաների խնամքի հաստատությունը վերակազմավորելու ճգնաժամային, վերականգնողական կամ ցերեկային խնամք իրականացնող հաստատության, սակայն մեզ լսող չկար, ինչպես ասում են՝ «ձայն բարբառո հանապատի»:
Մեր երկրի մայր օրենքում` Սահմանադրության մեջ, նշված է, որ ՀՀ-ն համարվում է սոցիալական, այսինքն` հասարակական ուղղվածության, նյութական ծանր վիճակում ապրողների շահերի պաշտպանության պետություն, որտեղ պետք է երաշխավորված լինի վերջիններիս իրավունքների ու շահերի պաշտպանությունը: Մենք չենք ուզում համալրել գործազուրկների, նպաստառուների, պետությունից անվճար օգնություն ակնկալողների շարքերը, ընդամենը խնդրում ենք հնարավորություն տալ` մեր աշխատանքով ապրել արժանապատիվ կյանքով: Հաստատության սաների ծնողները հայտնում են մեզ, որ ոլորտի պետական պատասխանատու անձինք գնում են տները և բարոյական ճնշում գործադրելով՝ փորձում են ամեն կերպ համոզել գրել դիմում երեխային հաստատությունից հանելու մասին` տալով տարաբնույթ դատարկ խոստումներ, հաճախ էլ ուղղակի սադրելով` «Դու չես ցանկանում պահել քո երեխային», կամ «Մի շերեփ ճաշ ափսոսում ես քո երեխային» և նման այլ ձևակերպումներ հնչեցնելով, ինչը անթույլատրելի և անբարոյական է երեխաների հանդեպ: Չէ որ գիշերօթիկ հաստատությունները այն միակ օջախներն են Հայաստանում, որտեղ անապահով, քայքայված ընտանիքների երեխաները ոչ միայն ապրում ու խնամվում են, այլ նաև անցնում են կրթության, դաստիարակության և բազմակողմանի զարգացման ՄԵԾ ԴՊՐՈՑ:
Իրականում այսօրվա դրությամբ ոչ մի փոխարինող կառույց կամ հաստատություն չկա, Հայաստանում գոյություն չունի ոչ խնամատար ընտանիքի ինստիտուտ, ոչ սոցիալական աշխատողի զարգացած ինստիտուտ, ոչ էլ այլ անվճար զարգացման կենտրոններ` անապահով ընտանիքների երեխաներին ներառելու համար:
Հարգելի պարոն վարչապետ, ևս մեկ անգամ խնդրում ենք Ձեզ հանձնարարել կառավարությանը վերանայելու գիշերօթիկ հաստատությունները փակելու անհիմն որոշումը:
Մենք բոլորս թավշյա հեղափոխության մասնակիցներ ենք, մտահոգ ենք ինչպես մեր ընտանիքների, այնպես էլ մեր պետության բարօրությամբ, թեպետ հաստատակամ ու պատրաստ ենք, սակայն չենք ցանկանում մեր և երեխաների շահերը պաշտպանելու համար դիմել ծայրահեղ քայլերի:

Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության ամբողջ անձնակազմ, թվով՝ 69 աշխատակից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր