Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.46, EUR 526.02, RUB 7.42, GBP 613.63
+2 °C, +1 °C ... +12 °C Վաղը`+12 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Պոչամբարները՝ «նվեր». Թեհմինե Ենոքյանը ներկայացնում է իր պատրաստած ֆիլմն ու հոդվածը
12:15, 08.11.2019

Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ներկայացնում է իր կողմից պատրաստված ֆիլմ և հոդված՝ Հայաստանում գործող և կոնսերվացված 9 պոչամբարների վերաբերյալ։ Հոդվածը վերնագրված է այսպես. «Պոչամբարները՝ «նվեր»»:

Ներկայացնում ենք հոդվածից մի հատված:

Լոռի, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ, «Նահատակի» պոչամբար
Մեծ Այրում համայնքի վթարային դպրոցում մոտ երկու տասնամյակ հիմնովին վերանորոգում չի կատարվել։
Երկրաշարժից դպրոցի պատերին ճաքեր են գոյացել, տանիքը՝ կաթում է։ Դպրոցի տնօրենը միայն վերջին ամիսներին է տեղեկացել, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ը կարող է դպրոցի գրքերի վարձակալության ամբողջական գումարը վճարել որպես սոցիալական ծրագիրը։

«Նահատակի» պոչամբար

Այդ գումարը 127 աշակերտի պարագայում կազմում է 1000 դոլարին համարժեք դրամ։ Նահատակի պոչամբարը 13.7 հա տարածք է զբաղեցնում, որը սեփականության իրավունքով պատկանում է «Ախթալայի Լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ին։ Վտանգավոր թափոնների 1 տոննայի համար ՀՀ կառավարությունը սահմանել է 30 դրամ վճար, ավելի քիչ, քան կենցաղային աղբի համար է նախատեսված։
Չնայած` 2017-ին իրականացված պետական փորձաքննության բնութագրում «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ը ներկայացրել է, որ Նահատակի պոչամբարը Մեծ Այրում գյուղից 6,5 կմ հեռավորության վրա է, սակայն ակնհայտորեն տեսանելի են հաշված մետրերը, որոնք բաժանում են պոչամբարը գյուղի տներից: Պոչամբարն իր դիրքով ավելի բարձր է գտնվում, քան միջհամայնքային ճանապարհը։
Մեծ Այրում համայնքի բնակիչ Կամո Ղարագյոզյանը պատմում է․ «Այստեղ անասուններ են մտնում արածում, երեխաներ են խաղում, եղել են ժամանկներ, որ մարդկանց անասուններն ընկել են մեջը, սատկել, գնացել են փոխհատուցում պահանջեն, մի մասին փոխհատուցել են, մի մասին՝ ոչ, մի մասին էլ ասել են` ձեզ ով է ասել, գաք, այստեղ բնակվեք»:
Մի քանի ամիս է, ինչ «Ախթալայի ԼՀԿ»-ն սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում համայնքային բյուջե փոխանցում է ամիսը 5,5 մլն դրամ։ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը 2019-ի ամռանը խոստացել էր, որ այլևս Նահատակի պոչամբար պոչանք չի լցնելու։
«Ախթալայի ԼՀԿ» -ն 2016-ին ընդլայնել է պոչամբարի տարածքը՝ կառուցելով 8մ բարձրությամբ պատվար, սակայն պոչամբարի ընդլայնումը շարունակվում է մինչև օրս: Կոմբինատի արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը հավաստիացրեց, որ կառուցվում է պոչերի չորացման արտադրամաս, որի արտադրական հզորությունը 70-80%-ով է օգտագործվում, երբ արտադրամասն ամբողջությամբ գործարկվի, պոչամաբարի շահագործումը կդադարեցվի։ Պոչամբարի ռեկուլտիվացիոն ծրագրերը կիրականացվեն 2 տարուց։

Ամռան ամիսներին Ալավերդու, Մեծ Այրում, Ճոճկան համայնքներում հյուրընկալվել էին չեխական «Առնիկա» կազմակերպության աշխատակիցները։ Փորձագետները հավաքեցին փորձանմուշներ` հողի ջրի, հավի ձվի, այդ թվում նաև մարդկանց մազերից https://arnika.org/ru/tyazhelye-metaly-v-regionye-lori։
Չեխիայի փոխդեսպան Յան Պլեշինգերն ասում է՝ ընտրել են հատկապես Ալավերդին, քանի որ այստեղ կան էկոլոգիական խնդիրներ։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»-ի ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը մտադիր է բնակիչների անունից առողջության վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնել դատարան։ Ալավերդիում քաղցկեղով հիվանդ մարդկանց թիվը հասնում է 800-ի, մինչդեռ Հայաստանի առողջապահության նախարարությունը կապ չի տեսնում հանքարդյունաբերության և մարդու առողջության վատթարացման միջև։

Արարատ ցիանային պոչամբար

Հանքարդյունաբերական տարածքներում իրականացված ստուգումների վերաբերյալ նախարարությունը տեղեկություն կարող է տրամադրել լրացուցիչ ստուգումներ իրականացնելուց և վերլուծելուց հետո։
Ձմռան ամիսներին Ալավերդու պղնձաձուլարանից շլակ (խարամ) է տեղափոխվում քաղաքի տարբեր հատվածներ, հատկապես գերեզմանոցներ, որը նպաստում է, որ բուսականություն տարածքում չաճի։
«Եղել են դեպքեր, որ այս շլակը նաև փռվել է մանկապարտեզների և դպրոցների բակերում, և միայն 2014-ի` Ամերիկյան համալսարանի հետազոտությունից հետո տեսանելի վայրերում փորձում են չփռել, սակայն այլ համայնքի ղեկավարներ առնում էին այս շլակը և փռում ձյան վրա»,- ասում է Օլեգ Դուլգարյանը։
Ուսումնասիրության նպատակով այս շլակի փորձանմուշներ ևս «Առնիկա» ընկերությունը տարել է Պրահայի քիմիական ինստիտուտ՝ փորձաքննության։

Լոռի, «Թեղուտ» ՓԲԸ, Թեղուտի պոչամբար

Թեղուտի հանքավայրը 2018-ից ի վեր շահագործվում է «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից։
16,4 մլն/խ ծավալով Թեղուտի պոչամբարը Հայաստանի մեծությամբ երկրորդ պոչամբարն է՝ այս պահի դրությամբ զբաղեցնում է 53 հա հողատարածք, ըստ ծրագրի` այն պետք դառնա 260 հա։
Շնողի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը տեղեկացրեց, որ հողերից 21,57 հա-ն սեփակականության իրավունքով պատկանում է «Թեղուտ» ՓԲԸ-ին, վարձակալության իրավունքով տնօրինվում է 30,78 հա-ն։ «Թեղուտ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքով ձեռք բերված հողերի դիմաց վճարում են 3 859 284 դրամ գումար, կան նաև հողատարածքներ, որոնք արտադրական են, սակայն մինչ այժմ պայմանագրեր կնքված չեն։
2001-ի «Strathcona» խորհրդատվական ընկերության եզրակացության համաձայն՝ ռիսկային է նման լեռնային տեկտոնիկ տարածքում ունենալ այդ ծավալների պոչամբար։ «Հաշվի առնելով հանքավայրի լեռնային լանդշաֆտը և ուժեղ երկրաշարժային գոտում գտնվելը՝ լրջագույն տեխնիկական և ֆինանսական դժվարություն է ներկայացնում 500 մլն տոննա պոչանք պարունակող անվտանգ ու բնապահպանական առումով ընդունելի պոչամբար կառուցելն ու 600 միլիոն տոննա տարբեր տեսակի թափոններ տեղադրելն այդ տարածքում»:
Սակայն, Թեղուտի հանքավայրը նախկինում շահագործող «Վալլեքս» ընկերությունը, թաքցնելով այս զգուշացումները, այնուամենայնիվ, կառուցեց Թեղուտի պոչամբարը։ Հանքի շահագործումից 3 տարի անց և 30 միլիոն տոննա պոչանք կուտակելուց հետո ընկերությունը բախվեց պոչամբարի պատվարի կայունության խնդրին, ինչն էլ ստիպեց դադարեցնել հանքավայրի շահագործումը։

Արծվանիկի պոչամբար

2017-ի հոկտեմբերի 16-ին Դանիայի «Արտահանումների վարկավորման գործակալությունը»
Pension Denmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ մի քանի զգուշացումից հետո դադարեցրեց դեռևս 2013-ին Թեղուտի պղնձամոլբիդենային հանքի շահագործման համար «ՎՏԲ բանկի» միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 մլն դոլարի չափով վարկը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված էր․ «Որոշումն ավելի երկար ճանապարհի գագաթնակետն է, երբ տարիների ընթացքում շարունակաբար սրել ենք մեր խոսքի տոնը։ Գրավոր զգուշացում ուղարկեցինք հանքի ղեկավարությանը, որ դուրս կգանք ծրագրից, եթե
հանքը չբավարարի մեր պահանջները։ Զգուշացումից հետո վերջնագիր ուղարկեցինք, ինչից հետո հայտնեցինք, որ հանում ենք մեր ֆինանսավորումը ծրագրից»։ Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն ասում է․ «Եթե կոնկրետ հարցնեք` պոչամբարում ճաք կա, թե ոչ, ապա կասեմ, որ պոչամբարում ճաք չի կարող լինել, քանի որ պոչամաբարը չի կարող գոյություն ունենալ։ Ես չեմ կարող հերքել կամ հավաստիացնել խնդիրը կա կամ չկա, բայց այս պահին «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցները համարժեք աշխատանքներ են իրականացնում, որպեսզի, երևի թե, հերքեն այդ խնդիրը»։
«Թեղուտ» ՓԲԸ-ից տեղեկացրեցին, որ 2019-ի սեպտեմբերից իրականացվում է հորատման և լաբորատոր-անալիտիկ աշխատանքներ, հետազոտվում է պոչամբարի պատվարը՝ ևս մեկ անգամ համոզվելու համար, որ պոչամբարի պատվարին վտանգ չի սպառնում: https://b24.am/business/78021.html?fbclid=IwAR2Iyv9kZGt12ODMdxhefYZFd_sKIWSf_r6
JmG7R7yo4Uphdaq8POekt0J0
ԱԻՆ-ը, Թեղուտի պոչամբարի հնարավոր տեխնիկական խնդիրների վերաբերյալ, հարցերին պատասխան չունի։ 2018-ի Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա» հեղափոխության ժամանակ Լևոն Ալիխանյանը հայ–վրացական միջպետական ճանապարհը փակողներից մեկն էր։ Նա Շնող խոշորացված համայնքից 60 բնակիչների հետ գանգատ էր ուղարկել ՄԻԵԴ՝ իրենց բարոյական վնասի փոխհատուցման և սեփականության իրավունքի խախատման փաստերով։ ՀՀ բյուջեի վրա այս գործից յուրաքանչյուրն արժեցել է շուրջ 10000 եվրո` որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Սեփականության իրավունքի խախտման փաստերը դեռևս քննված չեն ՄԻԵԴ-ում։
Շնող խոշորացված համայնքի բնակիչ Լևոն Ալիխանյանն ասում է, որ ճնշումներ են սկսվել իրենց նկատմամբ։ «Գերակա շահի զոհերի համար նոր ղեկավարության համար կա սև ցուցակ, աշխատանքի չեն ընդունում, քանի որ ասում են` պետք է գնաք ՄԻԵԴ-ի գանգանտը հետ վերցնեք»։
Ամռան ամիսներին Թեղուտի պոչամբարից Լևոն Ալիխանյանի մասնավոր տարածք արտահոսք էր եղել, նա իր ֆինանսներով պատ է կառուցում ճանապարհի եզրին, որ պոչանքը վնաս չտա իր սեփականությանը։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը հրապարակել էր Թեղուտի պոչամբարի վերաբերյալ օրենքների խախտման և անհամապատասխանության մասին հետազոտություն։ Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունն էլ, քրեական գործ հարուցելու պահանջով, մեկտեղելով բոլոր հրապարակված հետազոտությունները, 2018-ին գլխավոր դատախազություն ուղարկել էր հաղորդում հանցագործության մասին: http://www.armecofront.net/lrahos/theghut-manipulation/

Լոռու մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակներում մեր հարցմանը պատասխանել է․ «Ձեռք չեն բերվել բավարար հիմքեր պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար»:
Մեր հարցմանը դատախազությունից հայտնում են նաև, որ մատնանշված հանգամանքները չեն հաստատվել, և որևէ տվյալ ձեռք չի բերվել կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին:
«Թեղուտ» ՓԲԸ-ն համայնքին խոստացել է, որ պոչամբարի ռեկուլտիվացիա կիրականացնի հանքի շահագործման ավարտին։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր