ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Շարունակելու ենք ասել, մինչև չարվի». Արթուր Սաքունց
02:05, 09.11.2019 | mamul.am
4574 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատկերացնենք մի այսպիսի վիճակ. մարդն ունի ախտահարված օրգան, որի բուժումը ենթադրում է վիրահատական միջամտություն։ Այդ ո՞ր բժիշկը կհամարձակվի վիրահատական միջամտությունն իրականացնել, առանց մարդու օրգանիզմի ընդհանուր վիճակը ուսումնասիրելու։ Ասենք՝ առանց ճնշումը, արյան մեջ գլյուկոզայի և այլ բաղադրամասերի քանակը ստուգելու։ Ասենք՝ եթե ճնշումը իր նորմայից ցածր է կամ բարձր, պետք է միջոցներ ձեռնարկի, ասենք՝ համապատասխան դեղեր նշանակի, ներարկի, ճնշումը կայունացնելու համար։ Եթե գլյուկոզան բարձր է կամ ցածր է, ասենք՝ շաքարախտ ունեցողի դեպքում, ուրեմն արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը անհրաժեշտ մակարդակին հասցնող միջոցներ ձեռնարկի, ասենք՝ ինսուլին ներարկի։ Եվ նման այլ անհրաժեշտ գործողություններ, որպեսզի օրգանիզմը կարողանա պատրաստ լինել վիրահատական միջամտության համար։

Այսինքն՝ համակարգային փոփոխություններ պետք է կատարվեն, նոր անցնել կոնկրետ խնդրի լուծմանը, հակառակ դեպքում տխուր հետևանքների կամ ռիսկերի հավանականությունը կտրուկ մեծանում է, որի արդյունքում ոչ միայն կարող է կոնկրետ խնդիրը չլուծվել, այլ նաև ամբողջ օրգանիզմին, մարդուն վնասել։

Տարրական մեթոդիկա է, որին հետևում է ցանկացած գրագետ բժիշկ։

Տարրական մեթոդիկա է, որով պետք է շարժվի ցանկացած պետական մարմնի ղեկավար, նոր իշխանությունը իր կառույցում, պետական կառավարման համակարգում, այդ թվում դատական համակարգում փոփոխություններ կատարելու, կոնկրետ խնդիրներ լուծելու համար։

Առանց համակարգային փոփոխությունների կոնկրետ խնդիրների լուծման մեթոդիկան ոչ թե կարող է օգնել, այլև հակացուցված է, քանի որ համակարգային փոփոխություններ չկատարելու դեպքում, կարող է հանգեցնել և հանգեցնում է թե կոնկրետ խնդրի լուծման ձախողմանը, թե ամբողջ համակարգն է ենթարկում ցնցումների։

Չէ, չենք հոգնել, էլի ենք կրկնում, առանց համակարգը կայունացնելուն ուղղված գործողությունների՝ պետության զավթմանը գնահատականի, դատաիրավական համակարգի վեթինգի, առանց անցումային արդարադատության իրականացման, որևէ կոնկրետ խնդրի լուծումը չի կարող լինել արդյունավետ, այլ կհանգեցնի լուրջ, նոր խնդիրների առաջացմանը, որից հրաշալիորեն կփորձեն օգտվել համակարգի հիվանդության համար պատասխանատու վիրուսները, որոնք կշարունակեն ողջ համակարգը պահել վիրուսային գերության մեջ՝ տեսնելով հակավիրուսային համակարգային միջոցառումների բացակայությունը։

Չենք հոգնել այս ամենը ամենատարբեր տեքստերով ասել ու շարունակելու ենք ասել, մինչև չարվի։

Տեսեք, ովքեր դեմ են պետության զավթմանը գնահատական տալուն, նրանք էլ դիմադրում են կոնկրետ խնդիրների լուծմանը, այդ միջոցով իրենց կարևորությունը և կենսունակությունը պահպանելու նպատակով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր