ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Երկրի իրական ու խորքային խնդիրները թողած՝ զբաղված ենք կեղծ ու արհեստական օրակարգեր ստեղծելով». Նորայր Նորիկյան
19:10, 09.11.2019 | mamul.am
4144 | 1

Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր երկրի իրական ու խորքային խնդիրները թողած՝ զբաղված ենք կեղծ ու արհեստական օրակարգեր ստեղծելով ու դրանց շուրջ աղմուկ բարձրացնելով:
Մեր երկիրը կանգնած է ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերների առաջ:
Ժողովու՛րդ, Հայաստանն անվտանգության խնդիր ունի, կանգնած է պատերազմի ու խաղաղության երկընտրանքի առաջ:
Մեր երկրի ու ժողովրդի գլխին կանգնած է ցանկացած պահի պատերազմը վերսկսվելու վտանգը, իսկ մենք ընկած ենք իներցիոն արխայնության գիրկը, թե եթե հաղթել ենք մի անգամ, հաղթելու ենք մշտապես…
Մենք ժողովրդագրության ճգնաժամի մեջ ենք ու դեռևս չենք գտել արտագաղթի ճանապարհը փակելու բանաձևը:
Մենք գնալով կորցնում ենք գյուղը, և մեր երկիրը վերածում քաղաք-պետության՝ այդ ամենի բոլոր հետևանքներով հանդերձ…
Ավելի՛ն, հինգ տարի անց ոչ թե քննարկելու ենք, թե ով օրը քանի անգամ է ուղիղ եթերով ժողովրդին սեր խոստովանել և խոստացել հուր հավիտյան նրա ծառան լինել, այլ փորձելու ենք հասկանալ, թե հանուն ո՞ր Հայաստանի համար էր այս ամենը:
Ինքներս մեզ հաշվիվ ենք տալու, թե արդյո՞ք մեզանից կախված ամեն ինչ արեցինք՝ Արցախում հարատև ու արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար, լուծեցի՞նք, արդյոք, հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու խնդիրը, Հայաստանը դարձրեցի՞նք իսկապես իրավական, ժողովրդավարական, ինքնիշխան և սոցիալական պետություն, կանգնեցրեցի՞նք արտագաղթը, երկիրը հանեցի՞նք տնտեսական ծանր կացությունից, թե՞ հինգ տարի անց նորից կխոսենք նույն խնդիրների գոյության մասին, ասել է, թե՝ հինգ տարի անց նորից կդոփենք տեղում…
Ժողովու՛րդ, ոչ մի տեղ չտանող ճանապարհն ամենավտանգավորն է:
Մտածե՛նք մեր երկրի իրական խնդիրները լուծելու մասին…»,-գրել է փաստաբանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր