ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Սերգեյ Լավրովը՝ արցախյան հարցի կարգավորման մասին
14:40, 11.11.2019 | mamul.am
3734 | 0

«Ես կարող եմ այստեղ մեջբերել Ն. Փաշինյանի խոսքը, որ լուծումը պետք է լինի այնպիսին, որը հաշվի կառնի թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Ադրբեջանի շահերը: Սկզբունքորեն տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշումը, վեճերի՝ բացառապես խաղաղ ճանապարհով լուծումն ամրագրված է փաստաթղթերի բոլոր տարբերակներում, որոնք քննարկել են կողմերը: Ամեն դեպքում՝ վերջնական որոշումը պետք է հաշվի առնի դա: Մնացածն արդեն դիվանագիտական արվեստի և փոխզիջումների գնալու պատրաստակամության հարց է: ՌԴ-ը ջանալու է, որպեսզի այդ փոխզիջումը լինի արդար և արտահայտի շահերի արդար հավասարակշռությունը»,-նոյեմբերի 11-ին իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում, անդրադառնալով արցախյան հարցի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Ավելի վաղ փուլում, երբ դադարեցրել էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը»,- նշել է նա:

Ս. Լավրովն ասել է, որ ՌԴ-ը պատրաստ է ամենաակտիվ միջնորդությունն իրականացնել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ ազգային շրջանակում՝ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով. «Առանց Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն»:

ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն էլ նշել է, որ հիմնախնդիրը վերաբերում է իրենց պատմական հայրենիքում ապրող մեր հայրենակիցներին, մարդկանց և նրանց իրավունքների ու ազատությունների իրականացմանը:

«Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքները, հատկապես ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց սահմանափակման և հարկադրանքի: Գործընկերոջս հետ միակարծիք ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի»,- ընդգծել է ՀՀ արտգործնախարարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր