Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.51, EUR 533.90, RUB 7.66, GBP 640.53
+1 °C, +1 °C ... +6 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Վանոյի նամակում շոշափվում է Վազգեն Մանուկյանի անունը. նա պարտավոր է լուրջ բացատրություններ տալ». Ս. Սաֆարյան
23:25, 13.11.2019

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր հայտարարել էր Հանրային խորհրդից դուրս գալու մասին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի եթերում ՀԽ անդամ Ստեփան Սաֆարյանն ասել է, որ Վազգեն Մանուկյանի հրաժարականն սպասելի էր. «Դա պայմանավորված էր նրանով, որ Վազգեն Մանուկյանին ակնհայտորեն դուր չէր գալիս այն գործառույթների դաշտը, որն ապահովում են Հանրային խորհրդի մասին օրենքը, Հանրային խորհրդի կանոնադրությունը: Նոյեմբերի 7-ի նիստին նա բաց տեքստով շարադրեց իր պատկերացումները ՀԽ-ի մասին, ակնհայտ էր, որ այն, ինչ ներկայացրեց, գրված չէ օրենքում և կանոնադրության մեջ: Մինչ այդ նա բացահայտ չէր դարձնում իր քաղաքական շահագրգռությունները: Վազգեն Մանուկյանի ցանկությունը մեկն էր՝ Հանրային խորհուրդը դառնա քաղաքական հարթակ իր քաղաքական գործունեության համար: Վազգեն Մանուկյանն ասաց, որ իր առաքելությունը տեսնում է քաղաքական ընդդիմության դերում: Բայց Հանրային խորհուրդը այդ հարթակը չէ:

Հանրային խորհուրդը կառավարության խորհրդատուն է ոչ թե՝ ընդդիմախոսը: Օրենքը թույլ է տալիս, որ ամեն մի կառավարություն ձևավորի իր Հանրային խորհուրդը»,- ասել է Սաֆարյանը:

Անդրադառնալով Վանո Սիրադեղյանի հայտնի նամակին Հոկտեմբերի 27-ից առաջ՝ ուղղված Վազգեն Սարգսյանին, որտեղ հիշատակվում է նաև Վազգեն Մանուկյանի անունը՝ Ստեփան Սաֆարյանն ասել է, որ երբ նամակը հրապարակվեց 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո, կային կասկածներ՝ արդյոք ինքն է նամակի հեղինակը, որովհետև նա արդեն փախուստի մեջ էր:

«Բայց ես գիտեի, որ այդ տողերը Վանո Սիրադեղյանի տողերն էին, քանի որ ես անձամբ էի այդ ամենը լսել նրանից Վահան Խորխոռունու հուղարկավորության օրը: Ես ավելի ալեկոծված երբևիցե չէի տեսել Վանո Սիրադեղյանին, ձեռքերը դողում էին, նա ասաց. «Վազգեն Սարգսյանին տեսա, ասացի, որ քո երկու ձեռքերը կտրված են, այժմ քո վիզը կտրելու ժամանակն է գալու, եթե չսթափվես…»: Եվ այս նամակում նույնպես չարագուշակ կանխատեսում կար արված Վ. Սարգսյանի ապագայի մասին և գրված է նույն ոճով… Եթե Վանո Սիրադեղյանի նամակում շոշափվում է Վազգեն Մանուկյանի անունը, և Նաիրի Հունանյանը նույնպես հնչեցրել է նրա անունը՝ մանրամասներ պատմելով, որ հանցագործությունից առաջ հանդիպել է նրա հետ, Վազգեն Մանուկյանը պարտավոր է շատ լուրջ բացատրություններ տալ հասարակությանը»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր