Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի համերգ՝ նվիրված քանդակագործ Արթօ Չագմաքչյանի հիշատակին: Երեկոն կանցկացվի նոյեմբերի 19-ին, ժամը 20։00: Միջոցառման ընթացքում կհնչի «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը, բանաստեղծությունը՝ Կոմիտասի, երաժշտությունը՝ Վահան Արծրունու: Երեկոյին հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը (խմբավար՝ Կարինե Եզեկյան), Վահան Արծունին (մեներգ,կիթառ) Վերջերս կյանքից հեռացավ աշխարհահռչակ հայ քանդակագործ Արթօ Չագմաքչյանը՝ հայ ժամանակակից քանդակագործության հիմնադիրներից մեկը, ում ստեղծագործության մեջ համամարդկային աղետները, ցեղասպանությունները, մարդկային կյանքի դրամատիզմը, տառապանքն ու վիշտը կենտրոնական թեմաներն են եղել։ Խաչվելով մեր ազգային, պատմական և հոգևոր կերպարային նշանաբանության հետ՝ Արթօյի արվեստում դրանք գտնում են կերպարային լուծումներ աբստրակտ ֆորմաների, քայլող մարդու, Նարեկացու և Կոմիտասի փոխակերպություններով։ Վարդապետի թեման անցնում է կարմիր գծով Չաքմաքչյանի ամբողջ արվեստի միջով՝ դառնալով բանալի, որով բացում ենք հեղինակի ստեղծագործական որոնումների խորությունը, ապրումներն ու քանդակագործական պլաստիկայի յուրօրինակ դրսևորումների էությունը։ |