Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.03, EUR 530.47, RUB 7.50, GBP 627.41
0 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Մշակույթը սկսվում է համայնքից. «Օկտավան» միավորում է մարզերի արվեստասերներին ու արվեստագետներին
08:45, 15.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Մարզային մշակութային ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ» մշակութային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում «Ռեգիոն» ՀԶԿ-ն Վանաձորում իրականացնում է «Օկտավա» («Մշակույթը սկսվում է համայնքից») ծրագիրը:

Մշակույթի ոլորտի մարզային ներկայացուցիչները՝ ուսանողներ, դասախոսներ, սկսնակ արվեստագետներ, մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվող ավարտական դասարանների աշակերտները հանդիպումներ են ունենում երաժշտարվեստի, կինոյի, թատրոնի, պարարվեստի ոլորտների ճանաչված և անվանի արվեստագետների հետ:

Ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերին և մինչ օրս կազմակերպվել է 5 հանդիպում, որոնց մասնակցել են ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը, կոմպոզիտոր, կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Նարինե Անանիկյանը, արվեստի վաստակավոր գործիչ, երգիչ Վահան Արծրունին, ԵԹԿՊԻ «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը։

««Օկտավա» նախագիծը ստեղծվել է մշակույթի ապակենտրոնացման, մայրաքաղաքի ու մարզերի միջև մասնագիտական անջրպետի հաղթահարման համար: 8 հանդիպումների ընթացքում Վանաձորի ուսանողներն ու մտավորականները հնարավորություն ունենան շփվելու, հարցեր տալու, առնչվելու մայրաքաղաքում ապրող մտավորականների հետ: Մենք պիտի մեր արվեստագետներին էկրանային կերպարից դարձնենք հասանելի, հնարավորություն տանք քաղաքացիներին շփվելու իրենց արժեքների հետ»,- խոսելով ծրագրի մասին նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:

Հանդիպումներն անցնում են անմիջական և ջերմ մթնոլորտում. ծավալվում են առավելապես մասնագիտական բնույթի զրույցներ, որոնց ընթացքում երիտասարդ մասնակիցները հարցեր են ուղղում բանախոսներին: Մտերմիկ զրույցի ընթացքում հյուրերը պատմում են իրենց անցած ուղու, դժվարությունների հաղթահարման և հաջողությունների պատմությունները: Այս ծրագիրը բարձր են գնահատվում թե՛ համայնքի արվեստագետները, թե՛ քաղաքացիները։ Նրանց խոսքով, մինչև ծրագրի մեկնարկն իրենք միայն արվեստի ստեղծագործությունների ունկնդիրներ են եղել, իսկ այժմ անմիջականորեն շփվում են անվանի արվեստագետների հետ։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր