ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաճառակա՞ն, թե՞ վաշխառու: «Լիդերը հույսի վաճառական է», Նապոլեոն Բոնապարտի այս միտքը, թերևս, շատերին է հայտնի, քանի որ այն Բոնապարտի ամենամեջբերվող մտքերից է։ Անկասկած, հույսը մարդու համար ունի մի քանի դերակատարում։ Այն կարող է ապրեցնել ամենածանր իրավիճակներում, թույլ տալ հաղթահարել ամենաբարդ փորձությունները։ Միևնույն ժամանակ, ինչպես նավի վրա չի կարելի ունենալ ընդամենը մեկ խարիսխ, այնպես էլ կյանքում չի կարելի հենվել միայն հույսի վրա, քանի որ նույն հույսը կարող է բթացնել վտանգի զգացողությունը, մարդուն անընդհատ պահել անգործության մեջ՝ հավատով, որ հետո լավ է լինելու։ Ամենավտանգավորը, սակայն, երբ որևէ այլ անձ մյուսի մեջ սին հույսեր է արթնացնում, կամ, ինչն ավելի սարսափելի է, երբ սին հույսեր է վաճառում՝ բարդ խնդիրների համար առաջարկելով հեշտ, բայց գործնականում անիրագործելի լուծումներ։ Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հիմքում մեծ դերակատարում ուներ հույսի գործոնը։ Այդ հույսը գնորդ առ գնորդ տարբեր էր։ Ոմանք գնել էին հույս, որ բոլոր թալանչիները կպատժվեն, մենաշնորհները կվերացվեն ու երկիրը շեշտակի տնտեսական աճ կգրանցի։ Մյուսները գնել էին հույս, որ վերջապես արագաչափեր չեն լինի, կարմիր գծերը կվերացվեն, կլինեն բարձր աշխատավարձեր, գազը կէժանանա։ Շատերը գնել էին հույս, որ կլինի անկախ դատական համակարգ, երկրում ուղենիշներ կլինեն արդարությունը և իրավունքի գերակայությունը։ Ու թեև հույսը յուրաքանչյուր գնորդի մոտ տարբեր էր, զարմանալիորեն վաճառականի մոտ ամեն ինչի հույս կար՝ անկախ նրանից խնդիրը վերաբերում էր, ասենք, օրինակ, ջրագիծ կառուցելուն, թե Արցախյան հիմնահարցի լուծմանը. վաճառականը չէր խորշում ու բոլորին հավաստիացնում էր, որ ինքը վաճառում է հենց այն հույսը, («ապրանքը») որի համար եկել էր տվյալ գնորդը։ Ինչպես ցանկացած ապրանքի, այնպես էլ այս դեպքում, ապրանքի հատկանիշները ի հայտ են գալիս դրա տուփը բացելուց ու ապրանքը փորձարկելուց հետո։ Ու, բնականաբար, ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են բացում իրենց գնած հույսի տուփը՝ ստուգելով, թե արդյոք իրեն խոստացված ու վաճառված «ապրանքները» նույն են, թե` ոչ։ Ամենակարևորն այն է, որ, ողջամտության չափանիշին համահունչ պետք է բացել քո սեփական տուփը ու ստուգել՝ ինչպես ու ինչքանով է արդարացել քո հույսը, այսինքն՝ բարելավվել քո կյանքը, բավարարել քո ակնկալիքը, այլ ոչ թե, օրինակ, ինչքանով է վատացել ուրիշի կյանքը։ Այս շարքի ընթացքում կփորձեմ ներկայացնել իմ տեսակետն առ այն, թե յուրաքանչյուր կոնկրետ հույսի դեպքում ինչ է հայտնաբերվել կամ հայտնաբերվելու տուփում։ Իհարկե, սա չի վերաբերում «վաճառականի» մերձավորներին, թիմակիցներին, ճամբար փոխած ու անաչառ «ծանր» քաշայիններին։ Նրանց հույսերը Գերարդարացված են։ Եզրահանգումները ձեր ներսում կարող եք դուք կատարել՝ ինքս իմ կարծիքը ոչ մեկին պարտադրելու միտք չունեմ, ինչպես նաև ինձ որևէ մեկն իր կարծիքը չի կարող պարտադրել։ Վերջիվերջո, անհրաժեշտ է հասկանալ, թե հույսի վաճառականը իր ապրանքի համար վճարված ամենաթանկ գինը՝ լեգիտիմ իշխանությունը օգտագործում է երկրի բարեկեցության համար, ցավոտ, բայց անհրաժեշտ բարեփոխումների համա՞ր, թե՞ մսխում է այն սեփական վրեժխնդրության համար։ Ի վերջո, քաղաքական բանավեճի առանցքը պետք է լինի ոչ թե, ով է ավելի վատ՝ նախկին իշխանությո՞ւնը, թե՞ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կամ էլ նույնիսկ ով է ավելի լավը, այլ այն, թե ով է լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանության այլընտրանքը, իրական փոփոխություն առաջարկողը, այլ ոչ հերթական հույս վաճառողը։ Ի դեպ, իմ կարծիքով, հաջորդ վարչապետը չի լինելու հաջորդ իշխանությունը, այլ լինելու է հաջորդ իշխանության համար հող նախապատրաստողը։ Շուտով՝ մաս առաջին, երբ տուփում հայտնաբերում եք Ջորջ Օրուելի «1984» հանրահայտ ստեղծագործությունը...»: |