ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Այլմոլորակային բա՞ն պետք է լիներ, որ նոր երևան եկած հանգամանք համարեին». Նազելի Վարդանյանը՝ Ամուլսարի հայցի մերժման մասին
19:05, 16.11.2019 | mamul.am
3460 | 0

ՀՀ վարչական դատարանը նոյեմբերի 14-ի նիստում մերժել է Ջերմուկ համայնքի բնակիչների հայցը՝ ընդդեմ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի: Հայցադիմումում Ջերմուկի բնակիչները խնդրել են պարտավորեցնել նախարարին՝ ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի կողմից դրա հաստատումը:

Բնակիչների շահերի պաշտպան Նազելի Վարդանյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հայցը մերժվել է օրենքի սխալ մեկնաբանմամբ:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն՝ փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում, եթե եզրակացություն տալուց հետո ի հայտ են գալիս էկոլոգիական նոր գործոններ: Փաստաբանն ասաց, որ դատարանին էր ներկայացրել բազում փաստարկներ, սակայն դրանք դատարանը հաշվի չի առել:

«Նոր երևան եկած գործոն ասվածը, ըստ օրենքի, նշանակում է, որ փորձաքննության ընթացքում դրանք հաշվի չեն առնվել, չեն ներկայացվել, ընդհանրապես փորձաքննություն չի անցկացվել: Հիմա դատարանը մեկնաբանել է, որ դրանք ընդհանրապես պետք է գոյություն ունեցած չլինեին: Ես չգիտեմ՝ ինչ-որ այլմոլորակային բա՞ն պետք է լիներ, որ նոր երևան եկած հանգամանք համարեին: Ոչ մի նորմալ իրավաբան օրենքը կարդալով նման ձևով չի հասկանա: Օրենքը չի գրվում, որ ընդհանրապես չգործի: Հիմա նոր օրենք են ընդունելու, ու կստացվի, որ այս օրենքի գործունեության ընթացքում նման երևույթ ընդհանրապես չի եղել ու չի էլ լինելու. այսինքն՝ երկրաշարժ պետք է լինի, ճեղքվածք առաջանա, կամ՝ փոթորիկ: Նման կանխավարկածով օրենք չեն գրում, օրենքը գրվել է նրա համար, որ բոլոր գործոնների պարագայում պետք է փորձաքննության անցկացում ու գնահատում արվի: Եվ այն դեպքում, երբ փորձաքննություն չի անցկացվել, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով փորձաքննության ընթացքում այդ գործոնները նախկինում չեն եղել, հիմա ի հայտ են եկել, այդ հիմքով էլ պետք է տրված եզրակացությունն ուժը կորցրած ճանաչվի»,- ասաց փաստաբանը:

Ըստ Ն. Վարդանյանի՝ այդ դրույթը հնարել է «Լիդիանը» և համոզել, որ օրենքն այդկերպ պետք է մեկնաբանվի:

Ջերմուկցիների շահերի պաշտպանն ասաց, որ վճիռը բողոքարկելու է վերաքննիչ վարչական դատարանում՝ օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր