Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.02, EUR 529.50, RUB 7.52, GBP 628.98
+4 °C, -1 °C ... +6 °C Վաղը`+5 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
22:30, 16.11.2019

Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) նոր ձայնասկավառակ է թողարկել, որի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 21-ին, ժամը 14:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում:

Ադամ Բարրոյի՝ Փարիզում օրեր առաջ լույս տեսած հատընտիր հոգևոր երգերի հավաքածուն կրում է «Ավե Մարիա» խորագիրը: Այն երգչի թվով 2-րդ ձայնասկավառակն է, և արդեն վաճավում է ֆրանսիական FNAC կոչվող հայտնի խանութների ցանցում։ Երկրորդ ձայնասկավառակի նախաբանը գրվել է ֆրանսիայում՝ բոլորին հայտնի երաժշտական քննադատ Ալեն Դյուոյի կողմից և ներկայացվել այնտեղ: Երևանում ներկա է լինելու նաև հայ երաժշտական քննադատ, ով հակիրճ կներկայացնի այն։

Ձայնասկավառակում տեղ գտած ծրագիր-ծաղկաքաղի մեջ արևմտաեվրոպական կոմպոզիտորներ Արկադելտի, Ստրադելլայի, Կաչչինի, Դուրանտեի և այլոց կողքին Բարրոն ներկայացրել է նաև XVII-րդ դարի Աբբահայր Մխիթար Սեբաստացու «Անճառին Խորան» Տաղ Աստուածածնայ ստեղծագործությունը ...

Բարրոն կենդանի կատարմամբ շնորհանդեսի ժամանակ կներկայացնի 5 ստեղծագործություն երգեհոնի նվագակցությամբ։ Նրա հետ հանդես կգա Աննա Բակունցը (երգեհոն):

«Ապրիլյան պատերազմից հետո ինձ տանջել է մի միտք, որ ես էլ երգով սփոփեմ որդեկորուստ հայ մայրերին ու երգեմ՝ մեր հերոսների հիշատակը հավերժ վառ պահելու համար։ Ծնվեց երիտասարդ կոմպոզիտոր Տիգրան Համբարյանի «Ավե Մարիա» ստեղծագործությունը, որ առաջին անգամ կկատարեմ իմ ձայնասկավառակի շնորհանդեսի ժամանակ»,- նշում է Ադամ Բարրոն:

Սկավառակի՝ հայաստանյան շնորհանդեսի մուտքն ազատ է:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր