Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.02, EUR 529.79, RUB 7.53, GBP 628.02
+3 °C, -1 °C ... +6 °C Վաղը`+5 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Բա ինչո՞ւ են վարչապետի մակարդակով հորդորում ճամփաները բացել». Արթուր Գրիգորյան
02:05, 19.11.2019

Բնապահպան, ակտիվիստ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Ջերմուկում հանդիպում է եղել գործող իշխանության ներկայացուցիչների ու բնակիչների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Միքայել Զոլյնանը, Մարիա Կարապետյանը, Մերի Գալստյանը: Պարզ է, որ 130 հոգանոց հանդիպման բովանդակությունը հասնելու էր հետաքրքրված մարդկանց, ես էլ եմ տեղյակ:

Հարկ է նշել, որ այս պատգամավորները ադեկվատ վերաբերմունք են ցուցաբերել Ամուլսարի հարցին, ուստի ես հիմքեր չունեմ նրանց անկեղծությանը չհավատալու. հավատում եմ Մարիային ու Գայանեին, որ իրենց այցի նպատակն է բնակիչներին տեղեկացնել, թե ի՞նչ քայլեր է կառավարությունը ձեռնարկում այս հարցում և ոչ թե հորդորելու, որ դեպի հանք տանող ճամփաները բացեն, և որ իրենք բնակիչների հետ բարիկադի տարբեր կողմերում չեն գտնվում: Համաձայն եմ Միկայի հետ, որ կառավարության ու քաղաքացիների միջև այս հարցում կա հաղորդակցության պակաս, ու որ իրենք ցանկանում են այդ բացը լրացնել: Չեմ բացառում, գուցե, կառավարությունը հասկացել է, որ իր չհաշվարկված, ցաքուցրիվ գործողություններով ստեղծել է խորը ու անկանխատեսելի փակուղի, որ հարցը մասնագիտական ու իրավական հարթությունից անխոհեմաբար տեղափոխել է քաղաքական որոշումների կայացման հարթություն, և որից դուրս գալու համար հիմա պետք է գործընթացին ներգրավել քաղաքական մտածելակերպ ունեցող մարդկանց:

Շատ լավ, հիմա եկեք կոնկրետանանք: Քանի որ 2 ժամանոց քննարկման առարկան դժվար է այստեղ մանրամասն վերլուծել, խոսեմ միայն հիմնական հարցերի շուրջ: Հարգելի պատգամավորներ, ընկերներ, մի կողմ եմ թողնում իմ անձնական անվստահությունը այս հարցում կառավարող մարմինների մոտիվացիայի նկատմամբ ու փորձեմ իրավիճակը հստակեցնող ուղղվածություն մտցնել այս մեծ գործընթացում, քանի որ դուք, հնարավոր է, լիարժեք կերպով չտիրապետեք այս հարցում շատ նրբությունների, քանի որ այս հարցը չի եղել ձեր գործունեության հիմնական ուղղությունը: Դրա համար խնդրում եմ ի գիտություն ընդունել հետևյալ տեսակետներն ուղենիշային հարցերի վերաբերյալ՝

1. Առկա իրավական դաշտը ու արդեն իսկ իրականացված աշխատանքը լիարժեքորեն թույլ է տալիս հիմնովին լուծելու Ամուլսարի հարցը՝ դրա համար նոր օրենսդրություն ընդունելու ու դրա հետադարձ ուժի մասին մտածելու կարիք չկա: Իսկ «նոր էկոլոգիական գործոններ» եզրույթից պետք չէ խուսափել, այն պետք է ուղղակի պաշտոնական պարզաբանման ձևով տալ ու կիրառել գործող օրենսդրական նորմերը մեկնաբանելիս: Սա կարևոր է լավ հասկանալ, քանի որ բնապահպանության նախարարության ներկայացրած բոլոր 13 նոր գործոնները ոչ այլ ինչ են, քան հենց նոր էկոլոգիական գործոններ, որոնք բխում են ընկերության ներկայացրած նախագծում առկա սխալ տվյալների վերագնահատումից: Սա ձևակերպելու համար այլ իրավաբանական եզրույթ չկա: Իրավական մեխանիզմի տեսանկյունից դրանք տեսչական ստուգման ենթակա հարցեր չեն, նախարարությունը պետք է «Փորձաքննությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը սահմանելու մասին» կառավարության որոշմամբ սահմանված այլ մեխանիզմով՝ իր կազմում գտնվող ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնի միջոցով (10-րդ կետերով սահմանված կարգով) քննի այդ գործոնները և ինքնուրույն՝ առանց տեսչության վրա բարդելու, տրված փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչի: Ինչպես միշտ, նախարարությունը հիմա էլ պարզապես խուսափում է իր վրա պատասխանատվություն վերցնել:

2. Իրավական առումով այդ նոր 13 գործոններն ունեն նույն իրավական արժեքը, ինչ տեսչության կողմից բացահայտված կենսաբազմազանության միավորները. ինչպես գոլորշիացման և այլ ցուցանիշները, սրանց մասին ևս ընկերությունը սխալ տվյալներ էր ներկայացրել, տեսչությունն էլ ստուգել էր, բացահայտել ու սեփական պատասխանատվությամբ այդ փաստն ամրագրել տեսչության ընդունած վարչական ակտում, սակայն նախարարությունը դա փոշիացրեց, որի մասին հիմա չեմ ուզում ծանրանալ: Ի դեպ՝ տեսչական ստուգման ընթացքում բացահայտված կենսաբազմազանության միավորներին ու դրանց իրավական նշանակությունը առանձին հոդվածով կանդրադառնամ, քանի որ քննարկման ժամանակ այդ հարցը ևս շոշափվել է, ու դա բավականին տարողունակ նյութ է այս ֆորմատով գրելու համար: Մի խոսքով, եթե նախարարությունն այդքան վստահ է, որ ԷԼԱՐԴ-ի ու տարբեր պետական մարմինների կողմից ներկայացված և իր կողմից ամփոփված այդ 13 կետերն ավելի հիմնավոր են ու ավելի փաստարկված, շատ բարի, ուրեմն՝ թող ինքն էլ պատասխանատվություն ստանձնի և դրանց հիման վրա ուժը կորցրած ճանաչի տրված փորձաքննական եզրակացությունը:

3. Եթե դու անտեսում ես նոր էկոլոգիական գործոնների իրավական նշանակությունը, նշանակում է դու ամբողջովին առոչինչ ես դարձնում բոլոր այն նոր գործոնները, որոնց հղում է կատարում նախարարությունը: Ի վերջո, ի՞նչ իրավական նշանակություն ունեն այդ 13 կետերով ներկայացված տվյալները, եթե դրանք նոր էկոլոգիական գործոններ չեն և ի՞նչ իրավական մեխանիզմ կա դրանք պրակտիկորեն կիրառելու: Դրանցից ոչ մեկը չի կարող «բացահայտվել» տեսչական ստուգման արդյունքում, քանի որ արդեն իսկ համարվում է «բացահայտված»: Պետք է հարցը իրավական առումով վերջնականապես հստակեցնել՝ հիմա սա տեսչական ստուգման ենթակա հա՞րց է, թե՞՝ ոչ: Եթե այո, ապա ինչո՞ւ չի սկսվում այդ ստուգումը և ի՞նչ է ասում տեսչության ղեկավարը: Եթե ոչ, ուրեմն օրակարգից հանեք այս մանիպուլյատիվ թեման: Այս հարցում իմ կարծիքը միանշանակ է. տեսչությունը ամենակարող չէ, այդ մարմինն ունի լիազորությունների շրջանակ, որոնցով սահմանափակված է: Եթե այդ ամենը տեսչության լիազորությունների մեջ լիներ, մենք վաղուց էինք դրանք «բացահայտել»: Սրա մասին ամբողջական հոդված եմ գրել «Հետք» պարբերականում, մեկն էլ առաջիկայում կհրապարակեմ, խնդրում եմ այս կետերը լավ հաշվարկել, խոսեք վստահելի իրավաբանների հետ:

4. Չնայած վարչապետ Փաշինյանը իր հայտնի live-ի ընթացքում հայտարարեց, որ ԷԼԱՐԴ ընկերության ու բնապահպանության նախարարության բացահայտած նոր գործոնների հիման վրա բնապահպանական տեսչությանը հանձնարարել է Ամուլսարում կրկին տեսչական ստուգում իրականացնել, փաստն այն է, որ տեսչությունը չի պատրաստվում այդտեղ ստուգում իրականացնել: Սա շատ կանխատեսելի էր, ու արդեն նշեցի, թե ինչու: Բայց որոշ նրբություններ առաջարկում եմ առավել մանրակրկիտ պատկերացնել. ընկերության կատարած ինչ-ինչ նոր հաշվարկները չեն հանդիսանում «արդյունահանման նախագծի փոփոխություն», ինչպես պնդում է նախարարը և տեսչությանը հորդորում դրանք բացահայտել, քանի դեռ ընկերությունը սահմանված կարգով դրանք չի ներառել իր նախագծում և չի ներկայացրել նոր փորձաքննության: Ներկայումս ընկերությունն ունի նախարարության կողմից հաստատված նախագիծ՝ թեկուզ սխալ տվյալներով, իսկ տեսչությունը չի կարող արձանագրել, որ ընկերությունն իրականացրել է «նախագծային փոփոխություններ», քանի որ իրավաբանորեն ընկերությունն իր նախագծում ոչ մի փոփոխություն էլ չի կատարել: Փաստացի գործունեություն ևս չի իրականացվոմ, որպեսզի փաստացիորեն արձանագրվի նախագծի ու իրականացվող աշխատանքների միջև տարբերությունը: Այստեղ տեսչությունը գործ չունի անելու, վարչապետի տված ստուգման հանձնարարականը օրենսդրությանը և այս մանրամասներին չտիրապետելու արդյունք է, իսկ նախարարության համար՝ որոշում ընդունելու պատասխանատվությունից հերթական անգամ խուսափելու միջոց: Այս մասին ևս կետ առ կետ գրել եմ, մի անգամ էլ կգրեմ:

5. Քննարկման ժամանակ մի քանի անգամ շեշտվել է, թե իբր հանրային քննարկումների արդյունքում համայնքի դրական կարծիքը «նախապայման է թույլտվություն տրամադրելու կամ որևէ գործունեություն կատարելու համար»: Ապշում եմ, թե ինչ աստիճանի սխալ են ներկայացվում պարզունակ օերնսդրական կարգավորումները: Իրականությունը ճիշտ հակառակն է՝ համայնքի բնակիչների կարծիքները զուտ խորհրդատվական բնույթ ունեն և պետական մարմիններին ոչ մի կերպ չեն կաշկանդում այդ կարծիքին հակառակ որոշումներ կայացնել: Գնդեվազ համայնքում տեղի ունեցած հանրային քննարկումների ընթացքում համայնքն այդ դրական կարծիքը չի տվել, բա ինչպե՞ս են նախագիծը հաստատել: Բացեք Oրհուսի կոնվենցիան, ՇՄԱԳ օրենքի 26 հոդվածն ու հանրային քննարկումների կազմակերպման վերաբերյալ կառավարության որոշումը: Այս հարցը կարևորեցի, քանի որ նույն հարցի վերաբերյալ նույնպիսի սխալ տեղեկատվություն տրվեց վարչապետ Փաշինյանին դեռևս 2018-ի օգոստոսին Ամուլսարի վերաբերյալ ստուգման ակտը քննարկելիս:

Եվ վերջում երեք հարցադրում անեմ՝
ա/ Ի վերջո, ի՞նչ է ուզում անել կառավարությունը, ո՞րն է նրա տեսակետը, որը դուք հիմա փորձում եք ներկայացնել բնակիչներին ու մեզ բոլորիս՝ մարդիկ հանք տանող ճամփաները բացե՞ն, ընկերությունն սկսի «սխալ» նախագծով աշխատել, հետևից տեսչությունը գնա, խախտում արձանագրի ու կանգնեցնի՞: Կամ՝ ընկերությունը դիմի արտանետումների կամ ջրօգտագործման թույլտվություններ ստանալու և մերժվի՞, այն հաշվարկով, որ նախագծում այդ բաղադրիչների վերաբերյալ սխալ տվյալնե՞ր է ներկայացրել: Հուսամ, մոտեցումն այս մակարդակի վրա չէ:

բ/ Ճամփան բացվի, որ տեսչությունը կարողանա գնալ, ստուգո՞ւմ անել: Գայանե ջան, կարծեմ դու ես այսպես ասել: Բայց տեսչության ներկայիս ղեկավարը բազմիցս ասաց, չէ՞, որ տեսչությունը հիմա անելիք չունի: Բացի դրանից, երբ իմ ղեկավարության օրոք տեսչությունը ստուգում էր անում, ճանապարհները նույնպես փակ էին: Մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի: Մարիան էլ, կարծեմ, պնդել է, որ կառավարությունը Ամուլսարը շահագործելու մասին որոշում չի ընդունել: Լավ, բա ինչո՞ւ են վարչապետի մակարդակով հորդորում ճամփաները բացել, որ մի դույլ ջուր չի կեղտոտվի և այլն: Վերջը՝ ճամփան բացվի, որ ի՞նչ անեն՝ արտանետումների թույլտվության համար դիմեն ու մերժվեն այնքան անգամ, ու «ստիպված» նոր նախագի՞ծ ներկայացնեն: Իսկապե՞ս, սա՞ է տակտիկական պլանը: Այստեղ է, որ պետք է «մինչև վերջ գնալ ճշմարտության հետևից»:

գ/ Ի՞նչ կոնկրետ իրավական արժեք ունեն ԷԼԱՐԴ-ի ու մյուս գերատեսչությունների տվյալների հիման վրա ձևավորված այդ 13 գործոնները՝ Քննչական կոմիտեն դրանք համարո՞ւմ է ընկերության ներկայացուցիչների կամ պաշտոնատար անձանց կողմից հանցագործություն կատարելու փաստն ապացուցող տվյալներ: ԷԼԱՐԴ-ի հետ սկայպ քննարկման ժամանակ քննիչներն ասացին, որ դրանք նեղ մասնագիտական հարցեր են, որոնք տարբեր գիտնականների կողմից տարբեր կերպ են մեկնաբանվում, ու այստեղ միանշանակ բան հնաչավոր չէ պնդել: Միևնույն ժամանակ, դրանք տեսչական ստուգման առարկա ևս չեն, նախարարությունն էլ դրանց հիման վրա ինքնուրույն գործողություններ չի պատրաստվում իրականացնել: Լավ, հիմա այդ 13 կետը վերցրել, տարել եք Ջերմուկ, որ մարդկանց ի՞նչ ասեք:

Հետգրության կարգով էլ հռետորական հարց՝ վերջը պարզվե՞ց, թե այդ 130 հոգուց ովքե՞ր էին վճարովի ակտիվիստները:
Իշխանական համակարգում, թերևս, մենակ այդքանդ ու ևս մի քանի հոգի եք մնացել, որ այս հարցում վստահություն եք վայելում, խնդրում եմ այս նուրբ հարցերին շատ զգուշորեն մոտենալ»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր