«Քոչարյանի մեղադրանքը հիմնավորվել է այն հրամաններով, որոնք կցված են գործին: Պաշտպանական կողմը չի կարող գետի հունը փոխել»,- նոյեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում հայտարարեց տուժողներից մեկի շահերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ առարկություն հայտնելով Ռ.Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանի՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը: Ս.Սաֆարյանը պնդեց, որ դատախազ Պ.Պետրոսյանը շահագրգռվածություն հանդես չի բերել: Նա գործել է սովորական քրեական գործի սահմաններում, բարեխղճություն է դրսևորվել, ուստի ինքնաբացարկի համար հիմքեր չկան: Ս.Սաֆարյանը, անդրադառնալով դատարանների շրջափակմանը, ինչը Ռ.Քոչարյանի պաշտպաններն օրենքի խախտում էին համարել, նկատեց. «Այն, ինչ արել է ժողովուրդը՝ դատարանների հետ կապված, շատ ավելի լավ է, քան «Չերյոմուխա» զենքից կրակելը, քաղաքի կենտրոնում փշալարեր տեղադրելը»: Հայտարարությունը դահլիճում ծափահարություններով ընդունվեց: |