ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Պետք է պատասխան տա Արթուր Վանեցյանը». Արման Բոշյան
00:45, 20.11.2019 | mamul.am
7758 | 2

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Բոշյանը Factor TV-ի եթերում նշել է, որ համաձայն է այն տեսակետին, որ Հայաստան-Իտալիա խաղից հետո պետք է պատասխան տա ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը. «Մենք անընդհատ մեր ֆուտբոլի պատմության մեջ և քաղաքական գործընթացներում տեսել ենք անպատասխանատվություն, երբ մարդիկ չեն ցանկացել պատասխանատվություն ստանձնել։ Կարծում եմ, որ նոր Հայաստանում և նոր քաղաքական-հասարակական հարաբերություններում միանշանակ է, որ ամեն մեկն իր ոլորտի համար պետք է պատասխան տա։ Պարոն Վանեցյանը գործուղվել է ֆուտբոլի ֆեդերացիա որոշակի առաքելությամբ, և որոշակի պատասխանատվությամբ, որոշակի արդյունքների ակնկալիքներով, և այս խաղը, ցավոք սրտի, ցույց տվեց, որ այդ խնդիրները չեն լուծվել։ Իմ տեղեկատվությամբ՝ պարոն Վանեցյանի առջև կոնկրետ խնդիրներ են դրվել ֆեդերացիայի հետ կապված, այն դարձնելու ավելի ժողովրդավարական, ավելի թափանցիկ և գործընկերային, բայց մենք, թեկուզ մարզչի ընտրության հետ կապված, որոշակի տարաձայնություններ նկատեցինք։ Դա վկայում է, որ այն խնդիրների ծավալը, որ դրվել է պարոն Վանեցյանի առջև, չի իրականացվել»,-ասել է պատգամավորը:

Հարցին, թե Վանեցյանը պե՞տք է հրաժարական տա, թե՞ ուղղվելու հնարավորություն կա, Բոշյանը պատասխանել է. «Առավոտից այս թեման քննարկվում է և բազում օրինակներ էին բերվում Բուլղարիայից և Անգլիայից, որ նման պարտությունների դեպքում ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տալիս։ Եվ ոչ միայն ֆեդերացիայի նախագահը։ Բուլղարիայի օրինակը բերվեց, երբ այնտեղ քաղաքական խմորումներ է առաջացրել հավաքականի պարտությունը 6։0 հաշվով, երբ պահանջվեց ֆեդերացիայի նախագահի հրաժարականը, և նա հրաժարական տվեց։ Ժողովրդավարական պրոցեսներում նմանատիպ իրադարձությունները չեն կարող առանց հետևանքների մնալ, միանշանակ պատասխանատուն կա, և նա պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը»:

Նա նշել է, որ Վանեցյանի հրաժարականի դեպքում քաղաքականության տարր չի լինի. կա փաստ որով պետք է առաջնորդվել։

«Ես նորից եմ ասում, հիշո՞ւմ եք ֆեդերացիայի շուրջ պտտվող խոսակցությունները, լարում կար ֆեդերացիայում և պարոն Վանեցյանի՝ այդ պաշտոնն ստանձնելը միտված էր գլխավորապես այդ ինստիտուտը թափանցիկ դարձնելուն, որովհետև խոսակցություններ էին պտտվում, որ էնտեղ որոշակի քրեական և մախինացիաների սխեմաներ էին գործում, և այդ շղթաները պետք է կոտրվեն։ Բայց մենք չտեսանք այդ փոփոխությունը»,- եթերի ընթացքում ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ «միանշանակ, կողմ է» Վանեցյանի հրաժարականին:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Պետք է պատասխան տա Արթուր Վանեցյանը». Արման Բոշյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր