ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող. սա Հայաստան է և… վերջ». Լեոնիդ Ազգալդյան
10:30, 22.11.2019 | mamul.am
6184 | 1

«Ո′չ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ, ո′չ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել: Ոչ մի գաղափարով չի կարելի արդարացնել Շահումյանի Գետաշենի Արցախի հանձնումը, ինչպես նաև մնացած հայոց հողերը…»,- 1991 թ. Վարդենիսի, Քելբաջարի, Նոյեմբերյանի, Կոռնիձորի, Շահումյանի, Գետաշենի և մի շարք շրջանների ինքնապաշտպանության կազմակերպման ժամանակ, ասել է Լեոնիդ Ազգալդյանը:

«Չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող. ինչ էլ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, միջազգային կամ ազգային գործիչները. սա Հայաստան է և… վերջ»,- ասել է ռազմական մեծ գործիչը:

Այսօր հայ ֆիզիկոս, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է. նա կդառնար 77 տարեկան:

Ծնվել է 1942 թվականին Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947-1959 թվականներին սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թվականին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։

Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, գործուն կերպով մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։

1990թ. փետրվարից վարել է «Անկախության բանակ»-ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։
Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ 1991 թվականի հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։
Իր մտքերից մեկում Ազգալդյանն ասել է. «Այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լրիվ: Թո՞ւրքը կկորցնի` ուրեմն թուրքը: Հա՞յը` ուրեմն հայը: Դրա համար այստեղ շատ կարևոր հարցեր են լուծվում. դա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ»:
Լեոնիդ Ազգալդյանը զոհվել է 1992 թվականի հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում, Տոնաշեն գյուղի մոտ թշնամու դավադիր կրակոցներից:

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր