ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Արձանները կարմիր ներկից չեն մեռնում». Հրանտ Տէր-Աբրահամեան
04:15, 04.12.2019 | mamul.am
5495 | 1

Վերլուծաբան և հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստիպում եք գրել: Գրիբոյեդո՛վ: Կամ՝ Սնկակերյան:
Ոչ մի՝ հետին իսկ միտք չունեմ համարելու արձանի ներկելը մի մեծ հայրենասիրական գործողություն, բայց...
Նաև բացարձակ անհասկանալի է ինձ սրբազան վրդովմունքն ու բացականչական տրամադրությունն այս՝ մեծ հաշվով կոմիկ իրադարձության շուրջ:

Ուրեմն, նախ՝ ճիշտ կլինի մի քիչ թուլանանք ու մի քիչ սառենք: Արձանները կարմիր ներկից չեն մեռնում: Հետո մի հատ հասկանանք` ո՞վ էր այդ մեծն, ահավոր մեծն Գրիբոյեդովը: Ռուսական մի չինովնիկ և տասներորդական կլասի մի գրող: Հանգիստ, մի վրդովվեք: Սա ընդամենը փաստ է: Անկախ արձան ներկելու պատմությունից, նախ մարսենք այդ փաստը: Համաշխարհային պատմության տեսակետից Գրիբոյեդովը ոչ ոք է, մի դատարկ տեղ: Որպես գրող նա ոչ մեկին պետք չի, բացի գրականության պատմության արխիվիստներից: Ոպես գործիչ՝ մեծ հաշվով նույնպես: Սա անցանք: Սրբազան սարսուռը թարգեցինք մի անվան առաջ, որը ոչինչ արժի:

Երկրորդ՝ մեր սիրելի ռուս ընկերները, իրենց միայն հայտնի կամ անհայտ պատճառներով, որոշել են մի իսկական արշավ սկսել Նժդեհի հիշատակի դեմ: Էլ Ալիևի ձեռը թուղթ են տալիս, խոսացնում, էլ «Ռեգնում»-ում անիմաստ ու երկար հոդվածներ են գրում, նույնիսկ՝ հանձնաժողով առաջարկում ստեղծել Նժդեհի հարցով: Սադրանք են կազմակերպում Արմավիրում... Այսքանից հետո համարել, որ սա մտածված քաղաքականություն չի... Եսիմ: Դե, եթե շատ եք ուզում, կարանք...

Հիմա: Մենք` հայերս, մի մազալու ու հուզիչ սովորություն ունենք: Մեզ միշտ թվում է, որ ռուսները, ամերիկացիները, մյուսները չեն հասկանում` ինչ են անում: Իրանք չեն հասկանում, որ մենք լավն ենք, իրանց շատ ենք սիրում: Այ, որ մենք լավ բացատրենք, բաց նամակ գրենք Գորբաչովին, Հռոմի պապին, Թրամփին, իրանք կհասկանան: Մոլորության մեջ են:
Սրանով, ի դեպ, մենք ավելի ենք վիրավորում ռուսներին ու մյուսներին, քան ընկեր Սնկակերյանի արձանը կարմիրով զարդարելուց: Որովհետև մենք՝ մի բուռներս, մտածում ենք, որ դարավոր կայսրությունը մեզնից հիմար է, ու չգիտի, թե ինչ է ուզում: Լուրջ, մի պահ մտաբերեք:

Հիմա, էս իմաստով, Շահենի արածը թեկուզև նույնպես մանկամիտ կարող եք գնահատել, բայց պատկերացրեք` նույնիսկ դա ավելի ադեկվատ է, քան մտածել, որ ռուսներն ուղղակի մոլորվել են Նժդեհի հարցում, և մենք իրանց պետք է բացատրենք: Ռուսները կամ ռուսական մի ազդեցիկ խումբ գիտակցված սադրում է, «բզբզում է»: Ու դրան ի պատասխան` մի քիչ ատամ ցույց տալն ավելի համարժեք է իրավիճակին, քան օ՛ մեծն Գրիբոյեդով թեմայով տառապելը: Լավ գոնե Դոստոևսկի լիներ: Չնայած ինձ, ճիշտն ասած, Դոստոևսկին էլ մեկ է, բայց նա գոնե, իրոք, համաշխարհային ճանաչում ունեցող գրող է:

Ատամ ցույց տալ էր, թե ոչ, արձան նախշելը, չգիտեմ: Բայց համենայնդեպս ողբերգության առիթ չեմ տեսնում: Կարելի է ծիծաղել, կարելի է ժպտալ, կարելի է անտարբեր անցնել կողքով: Բայց սրբազան վրդովմունքը հաստատ էն ռեակցիան չի, որն այստեղ սազական է:

Ասենք, թե մի դմբո էնտեղ Նժդեհի հուշատախտակն է վնասել, ստեղ էլ մեկը՝ Գրիբոյեդովինն է ներկել: Հետո՞: Ի՞նչն է այստեղ այդքան ահասարսուռ:

Գրիբոյեդով ակումբը ձեզ ուտի...
Բա, որ շվեդական Մարդուկ բլեք մետալ խմբի վերջին ալբոմը լսած լինեիք, ի՞նչ էիք անելու: Յանի էդքան նուրբ մի եղեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր