ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել
20:15, 05.12.2019 | mamul.am
19646 | 6

Հ. Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել.

«Շահարկելով երկրում առկա բազմաթիվ բացասական երևույթները, խախտելով սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքները՝ Ն. Փաշինյանը ձգտում է միահեծան իշխանության` նախկին անընդունելի դրսևորումների մերժումը վերածելով անցյալի ուրացման, չխորշելով անգամ ազատագրական պայքարի ձեռքբերումներն ու դրանք մարմնավորող ուժերին նսեմացնելուց:

Լավագույն ապագա կերտելու՝ հանրության երազանքը, հույսն ու քաղաքական երկխոսության պահանջները բախվում են բարեփոխումներ իրականացնելու անկարող իշխանության ագրեսիվ վարքագծին:

Դաշնակցության վարկանիշը կասկածի տակ դնող Փաշինյանն ուրանում է նաև սեփական քայլերն ու մոտեցումները՝ մոռանալով, որ անցումային կառավարություն ձևավորելիս գործընկերություն էր փնտրում Դաշնակցության հետ և պատասխանատու պաշտոններ վստահում:

Ժողովրդին պառակտելու` Ն. Փաշինյանի՝ անվերապահորեն հաջողված ձեռքբերումն ու տեխնոլոգիան փորձ է արվում տարածել Դաշնակցության վրա: Դաշնակցությունը մեկն է, և Դաշնակցությունը պաշտպանվելու կարիք չունի: Դաշնակցությունն իր անցյալի, իր ժառանգության տերն է, իր բացթողումները խմբագրելու կամք և ունակություն ունի: Նաև հստակ է ՀՅԴ հանձնառությունը` ծառայել պետականությանը, բայց ոչ՝ օրվա իշխանություններին և քաղաքական կոնյունկտուրային:

Դաշնակցությունը շարունակելու է իր առաքելությունը` խորապես անհանգստացած Հայաստանի ներկայով, երկրում վարվող անհեռատես ու անհավասարակշիռ պոպուլիստական քաղաքականությամբ, ստի և կեղծիքի մոլեգնող իրողությամբ, երկրի ներքին և արտաքին ռիսկերը դիմագրավելուն անպատրաստ իշխող քաղաքական թիմի գործունեությամբ:

Կոչ ենք ուղղում Ն. Փաշինյանին սթափվել և մնալ զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում, լուծել երկրի առջև օրեցօր ահագնացող մարտահրավերները:

Դիմում ենք ողջախոհ հանրությանն ու քաղաքական ուժերին՝ համախմբվել երկիրն այս անհեռանկար ընթացքից հետ պահելու օրակարգի շուրջը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր