ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Կներդրվի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգ». Զարուհի Բաթոյան
22:00, 05.12.2019 | mamul.am
5557 | 0

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կներդրվի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգ:

Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Սոցիալական աջակցության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «ՀՀ ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օրենսդրական նախաձեռնությանը:

Ինչպե՞ս է կարիքի գնահատումն իրականացվում այսօր.

Ներկայումս սոցիալապես խոցելի և անապահով ընտանիքների և քաղաքացիների կարիքների գնահատումը իրականացնում են ՀՀ մարզպետարանների և հինգ համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումները։ Սոցիալական կարիքի գնահատում է իրականացնում նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը և բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակը։

Ո՞րն էր խնդիրը.

Սոցիալական կարիքի գնահատման գործառույթ ունեցող կառույցները իրականացնում են միմյանցից անջատ և գրեթե չփոխկապակցված գործընթացներ, ինչը ոչ միայն անարդյունավետ է քաղաքացուն համալիր սոցիալական աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից, այլ նաև անհարկի մեծացնում է վարչարարության ծախսերը։

Բացի այդ՝ ոլորտում աշխատողների քարտեզագրման արդյունքները ցույց են տալիս, որ սոցիալական աշխատողի գործառույթ իրականացնող և կարիք գնահատող աշխատակիցների ավելի քան 85%-ը չունի սոցիալական աշխատողի որակավորում և ոլորտում աշխատում է երկար տարիներ։

Նախաձեռնության անհրաժեշտությունը

Վերոնշյալ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ․ մասնավորապես սոցիալական կարիքի գնահատման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմի ստեղծմանը նախընթաց մարզպետարաններից և համայնքներից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը փոխանցելով կարիքի գնահատման գործառույթը։

Ընդ որում, հավատարիմ մնալով ապակենտրոնացման հետևողական քաղաքականությանը՝ միասնական համակարգի ներդրմանը զուգընթաց ընդլայնվող ծառայությունների մատուցումը նախատեսվում է իրականացնել համայնքների մակարդակում:
Կառուցվածքային փոփոխությանը զուգընթաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրականացրել է նախապատրաստական աշխատանքներ։ Մասնավորապես՝ մշակվել է կարիքների գնահատման համար անհրաժեշտ դեպքի վարման տեղեկատվական համակարգը, իսկ 2020 թվականի բյուջետային հայտով նախատեսվել են միջոցներ սոցիալական աշխատողների կողմից տնային այցելությունների իրականացման համար:

Արդյունքը. Օրենքի այս փոփոխությամբ մենք կբարելավենք կարիքի գնահատման գործընթացը, որին էլ կհետևի ավելի հասցեական ծառայությունների մատուցումը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր