ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Վկայի դատավարական կարգավիճակից մեղադրյալի անցումը տեղի է ունեցել 2 րոպեի ընթացքում». Ս. Սարգսյանի պաշտպան
23:10, 05.12.2019 | mamul.am
6246 | 0

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է Սարգսյանին առաջադրված մեղադրանքին. «ՀՔԾ-ն իրավունք չուներ պարոն նախագահին որպես մեղադրյալ ներգրավելու, որովհետև 2005թ. և 2015թ. սահմանադրական փոփոխություններն ուղիղ արգելք են դրել՝ սահմանելով, որ Հանրապետության նախագահը չի կարող հետապնդվել՝ իր պաշտոնեական դիրքից բխող գործողությունների կատարման համար: Զավեշտի է հասնում, որ որպես մեղադրյալ՝ որոշմամբ է անգամ արձանագրված, որ ենթադրյալ վերագրվող արարքն առնչություն ունի պաշտոնեական դիրքին, և ինչպե՞ս կարելի էր Սահմանադրության անտեսմամբ՝ հանրապետության նախագահին որպես մեղադրյալ ներգրավել: Սա առանցքն է այն ապօրինությունների, որն այս պահին կատարվում է պարոն նախագահի նկատմամբ»,- ասել է փաստաբանը:

Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը հնարավորություն տվեց այն մարդկանց կամ մարդուն՝ սահմանափակել Երրորդ նախագահի ելքը ՀՀ-ից. «Թե ինչու՝ ինչուները բավականին շատ են: Սերժ Սարգսյանը չէր կարող արտերկիր պլանավորած այցեր չունենալ: Թերևս չկոնկրետացնեմ՝ որտեղ, երբ, բայց չէր կարող չունենալ: Նաև մարդիկ էին տեղյակ, որ նա ուներ պլանավորած այցեր, և այս ապօրինությամբ սահմանափակվեց պարոն նախագահի ելքը հանրապետությունից»:

Մակինյանը նշել է, որ վկայի դատավարական կարգավիճակից մեղադրյալի դատավարական կարգավիճակի անցումը տեղի է ունեցել 2 րոպեի ընթացքում. «Մենք այդ հարցի վերաբերյալ մեր առարկությունները համապատասխան փաստաթղթերում արձանագրել ենք քննիչի մոտ: Հանրությունն էլ է հասկանում, թե իրավապահ մարմիններն ինչպես են կոնկրետ անձանց վերաբերյալ քրեական գործերը քննում: Քննում են՝ քաղաքական նպատակահարմարությունները հաշվի առնելով: Պարոն Սարգսյանի դեպքն ամենաակնհայտն էր այս իրողության մեջ»,- նշել է պաշտպանը՝ հավելելով, որ Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձն ունի մեղադրյալի կարգավիճակ. «Մենք միմյանց ճանաչել ենք մինչև հարցաքննությունը»,- ասել է Մակինյանը:

Մանրամասները` տեսանյութում:

«Վկայի դատավարական կարգավիճակից մեղադրյալի անցումը տեղի է ունեցել 2 րոպեի ընթացքում». Ս. Սարգսյանի պաշտպան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր