ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Բացառված չէ, որ մենք կունենանք նաև առաջին նախագահի հետ կապված գործողություններ». Աղվան Վարդանյան
23:20, 06.12.2019 | mamul.am
9126 | 4

Երեկ հայտնի դարձավ, որ Դաշնակցության՝ հոկտեմբերի 31-ի հայաստանյան կոմիտեների գաղտնի ժողովում խոսվել է այն մասին, որ կուսակցությունը պետք է պարտիզանական հարվածներ հասցնի ներկա իշխանություններին։ Այս առնչությամբ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր Factor TV-ի եթերում ասել է. «Ես քանիցս ասել եմ, իբրև նախկին դաշնակցական, ես Դաշնակցության գործողությունները չեմ մեկնաբանում սովորաբար: Բայց այս պարագայում ակնհայտ է, որ որոշակի ուղղությամբ քարոզչություն է տարվում։ Սա էլ կանցնի։ Եվ եթե թշնամու մասին ենք խոսում, եկեք այլ բան նայենք: Այսօրվա իշխանությունը Հայաստանի քաղաքական դաշտում գործող խորհրդարանական և ոչ խորհրդարանական կուսակցություններից ո՞ւմ հետ է ոչ թշնամական հարաբերությունների մեջ։ Այսինքն՝ բոլորին մերժել, որևէ մեկի հետ որևէ խնդիր չքննարկել: Մենք ի՞նչ ունենք այսօր՝ իբր թե խորհրդարանական հանրապետություն, որտեղ հիմնական օրակարգերը պետք է ձևավորվեն քաղաքական ուժերի միջև կոնսուլտացիաներով, քննարկումներով, միմյանց համոզելով, ապացուցելով, փաստարկներով, բայց մենք ունենք պառակտված քաղաքական դաշտ, մի դիրքում «Իմ քայլը» կոչվող խմբակցությունն է կամ կուսակցությունը, և բոլոր մյուսներն իրենց համար թշնամիներ են, իրենք են թշնամիներ ստեղծում»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուն՝ Վարդանյանն ասել է. «Երբ հրապարակի վրա լինում են կարևորագույն արարողակարգեր, կարևորագույն հարցեր, երբ իշխանությունն զգում է հակազդեցության հնարավորություններ իր հակառակորդների կողմից, փորձում է անընդհատ նոր թեմաներ մեջտեղ բերել։ Տեսեք՝ մենք ի՞նչ ունենք այսօր։ Մենք ունենք ակհայտորեն ապօրինի կալանավորված երկրորդ նախագահ, մենք ունենք մեղադրանք առաջադրված, իմ կարծիքով՝ բացարձակապես անհամապատասխան և կեղծ մեղադրանք երկրորդ նախագահին։ Կարծում եմ՝ այստեղ խնդիր կա նրան թույլ չտալ Հայաստանից բացակայելու։ Իշխանությունը վերջին շրջանում խոսում է արդեն ոչ թե վերջին 20 տարվա, այլ վերջին 30 տարվա թալանի մասին։ Եվ այս տենդենցը եթե շարունակվի, բացառված չէ, որ մենք կունենանք նաև առաջին նախագահի հետ կապված գործողություններ: Ամեն ինչ մերժելու, բոլորին ջնջելու այս նույն մտայնությունն է, և փորձ է արվում նախագահին, որն ունի սահմանադրական անձեռնմխելիություն… այս կարգի բաներն ապացուցում են, որ Հայաստանն այսօր իրավական պետություն չէ։ Իսկ եթե իրավական պետություն չէ, ուրեմն նաև ժողովրդավարության հետք չկա Հայաստանում»:

Մանրամասները` տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր