Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.87, EUR 528.43, RUB 7.75, GBP 626.79
-6 °C, -6 °C ... +2 °C Վաղը`+3 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Թուրքիան հարցականի տակ է դնում Լոզանի պայմանագրի վավերականությունը». Հրանուշ Խառատյան
12:15, 09.12.2019

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ճիշտ է, որ Պոլսի հայկական պատրիարքական ընտրությունների վրա թուրքական իշխանությունների նախապես դրած արգելքին (միայն թուրքահպատակ քաղաքացիները կարող են ընտրվել որպես պատրիարք), նորն է ավելացել, արգելվել է նույնիսկ Թուրքիայի քաղաքացի եղող այն անձանց թեկնածությունը, որոնք իրենց եկեղեցական ծառայությունը կատարում են այդ երկրի սահմաններից դուրս, ապա սա Լոզանի պայմանագրի կոպտագույն ոտնահարում է: Ըստ պայմանագրի` Հայոց Պատրիարքարանը կրոնական հարցերում լիովին ինքնավար է, թուրքական իշխանությունները չեն կարող մասնակցել նրա ներքին գործերին: Բացի հարցի իրավական կողմը, այս կամայականությամբ պատրիարքական թեկնածուների թիվը 12-ից իջեցվել է 2-ի: Պարզ է, որ սա ներեկեղեցական ընտրություն չէ, այլ Թուրքիայի իշխանության գործնական քաղաքական որոշում և, ըստ էության, պատրիարքի նշանակում: Հասկանալի է նաև, որ Թուրքիան նախածրագրավորում է հայկական հարցի արծարծումներում պատրիարքի դերի վերահսկում և ուղղորդում: Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) սրա առթիվ հայտարարություն է տարածել, բայց թվում է, որ ավելի շահեկան կլիներ Մայր Աթոռի միջամտությունը կամ այն երկրներում, որտեղ ՀՀ-ն դեսպանատներ ունի, դեսպանների կողմից Լոզանի պայմանագրի շուրջ քննարկումների կազմակերպումը՝ շեշտը դնելով Թուրքիայի կողմից այդ պայմանագրի պարբերական խախտումներին և այս հարցում՝ առավելապես: Հիշեցնեմ, որ Լոզանի պայմանագիրն ստորագրած երկրներն են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Ռումինիան և Հունաստանը: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան նաև պարտավորված են վերահսկել Թուրքիայի կողմից ազգային փոքրամասնությունների, այդ թվում հայերի հանդեպ Թուրքիայի ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարումը։ Ուրեմն` հենց այս երկրներում պետք է հայկական դեսպանատներն առավելագույն աշխատանք անեն՝ երկրների իշխանություններին ներգրավելով քննարկումների դաշտ:

Կարծում եմ` ճիշտ ժամանակն է, որ ՀՀ ԱԳՆ-ն Թուրքիայի ԱԳՆ-ին հիշեցնի՝ չկատարելով իր ստանձնած պարտավորությունները` Թուրքիան հարցականի տակ է դնում Լոզանի ողջ պայմանագրի վավերականությունը։ Պայմանագրերի օրենքի վերաբերյալ Վիեննայի կոնվենցիան (Vienna Convention on the Law of Treaties, 1969) միանշանակ է այդ հարցում. «Հոդված 60, 2. Բազմակողմ պայմանագրի մասնակիցներից մեկի կողմից պայմանագրի կոպիտ խախտումն իրավունք է տալիս մյուս մասնակիցներին, միաձայն համաձայնությամբ, կասեցնել պայմանագրի գործունեությունն ամբողջությամբ կամ մասամբ, կամ լիովին դադարեցնել այն»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր