ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Սա խոսում է տվյալ հասարակությունում խորքային խնդիրների մասին». Էդգար Առաքելյան
05:20, 10.12.2019 | mamul.am
4841 | 0

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առողջապահական հարկը՝ հանրային համերաշխության ցուցիչ. առողջապահության պարտադիր ապահովագրության 6% հարկի սահմանման առաջարկը վերջին շրջանում մեզանում ամենաքննարկվող թեմաներից է։ Գաղափարը հիմնականում քննադատվեց և քննադատողների ճնշող մեծամասնությունը հետևյալ «փաստարկն» է բերում՝ «...ինչո՞ւ աշխատողը պետք է վճարի չաշխատողի առողջության համար», որը, ըստ էության, նշանակում է՝ «ինչո՞ւ ես վճարեմ ուրիշի բուժման համար»։
Իրականում, այս առաջարկը մեզանում մի քանի կարևոր դիսկուրսների պատճառ դարձավ. նախ, ամենախորքային սոցիալական խնդրի՝ մեր հասարակության յուրաքանչյուր անդամի համար առողջապահությունը հասանելի դարձնելու հնարավորությունների քննարկումը։ Առողջապահության 6% հարկի սահմանումը խնդրի լուծման ուղիներից մեկն է, բայց շատերն այն ընդունեցին արդեն կատարված փաստ, մինչդեռ, դա հիմք դրեց շատ կարևոր հանրային քննարկման, որի արդյունքում համոզված եմ` կգտնվի խնդրի օպտիմալ լուծումը։
Հաջորդը և, թերևս, ամենակարևորը, թեմայի շուրջ քննարկումը մեր հասարակության հասունության և ներքին համերաշխության յուրօրինակ ցուցիչ է։ Այստեղ խնդիրը ոչ թե առաջարկվող հարկատեսակի չափն է, այլ երևույթը, դրա նկատմամբ հանրային ընկալումը։ Մեծ հաշվով, առաջարկվող 6%-ն ավելի շատ պայմանական թիվ է, այն կարող է լինել, դիցուք, 1 կամ 16%, բայց խնդրի նկատմամբ նման վերաբերմունքի դրսևորման պայմաններում, համոզված եմ` նույնիսկ հարկատեսակի 1% սահմանման դեպքում կրկին նույն արձագանքն ենք ստանալու՝ «ինչո՞ւ ես աշխատեմ և վճարեմ անապահովի առողջության համար»։ Սա գրեթե նույնն է, երբ հարկ վճարողն ասի՝ «ինչո՞ւ ես աշխատեմ և վճարեմ մյուսների կենսաթոշակները, զինծառայողների աշխատավարձը, անապահովների սոցիալական անապահովության կենսաթոշակը... և այսպես շարունակ»։ Իրականում, սա խոսում է տվյալ հասարակությունում առկա խորքային խնդիրների ու հանրային համերաշխության ցածր մակարդակի մասին։ Վերջիվերջո, առողջ, ապահով և անվտանգ հասարակությունում ապրելն այդ հասարակության յուրաքանչյուր անդամի անձնական երջանկության կարևոր ցուցիչը պետք է լինի, որի համընդհանուր ընկալումը, միայն, մեզանում վերջ կդնի խնդիրների նման քննարկումը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր