ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Դավիթ Սարապյանի հիշատակի օրն է
11:10, 10.12.2019 | mamul.am
6381 | 0

Այսօր, դեկտեմբերի 10-ին, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ, գրող Դավիթ Սարապյանի (Դև) հիշատակի օրն է: Ծնվել է 1966թ. փետրվարի 4-ին:

Արցախյան պատերազմի տարիներին Դավիթը գրիչը փոխարինեց զենքով ու մեկնեց ռազմաճակատ՝ առաջապահ գիծ՝ համալրելով լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերը: «Օժտված էր մարտական ու մարդկային հազվադեպ հատկություններով: Երբեք որևէ բան ուրիշի վրա չէր գցի, ստանձնում էր ամենաբարդ ու վտանգավոր առաջադրանքները: Իմ ամենալավ հրամանատարներից էր, ում անվերապահ վստահում էի: Իր մարտական գերազանց կարողությունները դրսևորեց հատկապես Տող գյուղի ազատագրման ժամանակ:
Այդ գործողությունը, որ մշակեց ու ինքն էլ կատարեց, դարձավ ֆանտաստիկ իրականություն»,- պատմում է Կոմանդոսը:

Դավիթը լավ գիտեր Հադրութի շրջանի այդ գյուղը: Մոր հարազատ գյուղն էր, և այնտեղ՝ պապի տանը, ադրբեջանցիները շտաբ էին հիմնել: Մութը վրա հասնելուն պես Դավիթն զգուշությամբ մոտենում է գյուղին, վերացնում ժամապահներին ու քայլում դեպի միակ լուսավորված տունը՝ պապի օջախը:
Օմոնականներն այնտեղ աղմկոտ խնջույք էին սարքել: Դավիթը բարձրաձայն կանչում է օմոնի պետի անունը: Վերջինս մոտենում է պատուհանին ու Դավիթը, «բռնիր» գոռալով, նրա վրա է նետում նռնակների կապուկը: Ուժեղ պայթյուն է լինում, և տունը փլվում է: Դրան հետևում է մեր մարտիկների կենտրոնացված գրոհը, և օմոնականները դուրս են շպրտվում գյուղից:

Այս գործողությունն առանձնահատուկ նշված է ՀՀ ԳԱԱ-ի «Հայաստանի պատմություն» լայնածավալ աշխատության մեջ, որտեղ Դավթի մեծադիր լուսանկարի տակ գրված է. «1991թ. հոկտեմբերի 30-ին ազատագրվեց ռազմական մեծ նշանակություն ունեցող Տող գյուղը: Առանձնակի արիությամբ աչքի ընկավ Դավիթ Սարապյանը՝ Դևը»:
Տուն դառնալով՝ սովորաբար զուսպ Դավիթն ուրախությամբ հայտնում է մորը. «Քո հարազատ գյուղն ազատագրված է: Հիմա պետք է ազատագրել հորս հարազատ քաղաքը՝ Էրզրումը…»: Դա մոր և որդու վերջին հանդիպումն էր…
Շուտով Դավիթը նորից մեկնում է Շահումյան, մասնակցում վերջին մարտին Թոդան գյուղի համար, որտեղից անխնա ռմբակոծվում էին հայկական գյուղերը: Այնտեղ էլ զոհվում է` փայլուն կատարելով մարտական առաջադրանքը: Տարիներ անց հրատարակվում է Դավիթ Սարապյանի գրական ժառանգությունը:

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Դավիթ Սարապյանի հիշատակի օրն է Տեսանյութը՝ Հանրային հեռուստաընկերության
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր